Поиск по этому блогу

пятница, 2 марта 2012 г.

Ապրել ոչ ստի մեջ.Ալեքսանդր Սոլժենիցին


<<…Արդեն հատակին է հասել, համընդհանուր հոգևոր մահը մեր բոլորի վրա է եկել, և ֆիզիկականն էլ ուր որ է կբռնկվի ու մեզ էլ կայրի, մեր երեխաներին էլ, իսկ մենք առաջվա պես շարունակում ենք վախենալով ժպտալ  և թոթովել թլվատ.

-Իսկ ինչո՞վ ենք մենք խանգարելու: Մենք անուժ ենք: Մենք այնպես անհուսալիորեն ենք մարդկայնացել, որ այսօրվա համեստ կերակրի համար կտանք մեր բոլոր սկզբունքները, մեր հոգին, մեր նախահայրերի բոլոր ջանքերը, բոլոր հնարավորությունները գալիք սերունդների համար, միայն թե չխաթարենք սեփական դյուրաբեկ գոյությունը: Մեզ մոտ չի մնացել ոչ հաստատակամություն, ոչ հպարտություն, ոչ սրտի ջերմություն: Մենք նույնիսկ համընդհանուր միջուկային մահվանից ջենք վախենում (միգուցե, պատի ճեղքում թաքնվենք): Մենք միայն վախենում ենք քաղաքացիական համարձակության քայլերից: Միայն թե չպոկվենք նախրից, միայն թե մի քայլ չանենք ինքնուրույն և հանկարծ չմնանք առանց սպիտակ հացի, առանց գազի ջեռուցիչի…

 Ինչպես մեր մեջ մտցրել են քաղաքական շրջանակներում, այդպես էլ մեր մեջ սերտաճել է հարմարավետ ապրելը, մի ամբողջ դար: Միջավայրը, սոցիալական պայմանները. սրանց միջից չես կարող դուրս պրծնել, կեցությունն է պայմանավորում  գիտակցությունը: Մենք ի՞նչ կապ ունենք: Մենք ոչինչ չենք կարող:

 Իսկ ես ասում եմ՝ մենք կարող ենք, ամեն ինչ, բայց ինքներս մեզ խաբում ենք, որ ինքներս մեզ հանգստացնենք: Ոչ թե <<նրանք>> են ամեն ինչում մեղավոր, այլ մենք ինքներս, միայն մենք: Կընդդիմանան սրան. բայց չէ որ իրոք ոչինչ չես կարող մտածել: Մեր բերանները զմռսել են, մեզ չեն լսում, մեզ չեն հարցնում: Ինչպե՞ս ստիպել նրանց, որ մեզ լսեն: Տարհամոզել նրանց հնարավոր չէ: Բնական կլիներ նրանց նորից ընտրելը, ավելի ճիշտ՝ չընտրելը, բայց կրկնակի ընտրություններ մեր երկրում չեն լինում: Արևմուտքում մարդիկ գիտեն անել գործադուլներ, բողոքի ցույցեր, բայց մենք չափազանց ծեծված ենք, մենք սարսափում ենք դրանցից, ինչպե՞ս հանկարծ հրաժարվել աշխատանքից, ինչպե՞ս հանկարծ դուրս գալ փողոց: Ռուսական պատմության մեջ վերջին հարյուրամյակի ընթացքում փորձված բոլոր մյուս ճակատագրական ճանապարհները, մեզ պետք չեն: Հիմա, երբ բոլոր կացինները կտրել-վերջացրել են իրենցը, երբ ամբողջ սերմանվածը ծլարձակել է, մենք տեսնում ենք, թե ինչպես են մոլորվել…այն ինքնավստահ երիտասարդները, ովքեր մտածում էին տեռռորով, արյունարբու ապստամբությամբ և քաղաքացիական պատերազմով երկիրը դարձնել արդար և երջանիկ: Ոչ, շնորհակալություն, լուսավորության հայրեր: Հիմա մենք գիտենք, որ մեթոդների ստորությունը պտուղ է տալիս արդյունքների ստորության մեջ: Թող որ մեր ձեռքերը մաքուր լինեն:

 Ուրեմն, շրջագիծը փակվե՞լ է: Եվ ելք իրոք չկա՞: Եվ մեզ մնում է միայն անգործ սպասե՞լ: Կարող է հանկարծ ինչ-որ բան պատահել ինքնըստինքյան: Բայց երբեք այն մեզանից պոկ չի գա ինքնըստինքյան, եթե մենք բոլորս ամեն օր այն ընդունենք, փառաբանենք ու ամրացնենք, եթե չհեռանանք թեկուզ դրա ամենազգայուն կետից՝ Ստից:

 Երբ բռնությունը ներխուժում է մարդկային խաղաղ կյանքից ներս, նրա դեմքը վառվում է ինքնավստահությունից, այն դրոշակի պես տանում է և բղավում.<<Ես բռնությունն եմ, հեռու գնացեք, հետ քաշվեք, կճզմեմ>>: Բայց բռնությունը շուտ է ծերանում, մի քանի տարի ևս և նա այլևս ինքնավստահ չէ, և որպեսզի ամուր մնա, որպեսզի կարգին երևա, անպայման որպես իր դաշնակից կանչում է Ստին: Քանի որ բռնությունը քողարկվելու ոչինչ չունի ստից բացի, և սուտը կարող է ամուր մնալ միայն բռնությամբ: Եվ ոչ ամեն օր և ոչ ամեն մի ուսի վրա է սուտը դնում իր ծանր թաթը. այն մեզանից միայն պահանջում է ստի հանդեպ հնազանդություն և մեր մասնակցությունը ստի մեջ, ամեն օր: Եվ սրա մեջ է ամբողջ հավատարիմ ծառայությունը: Եվ այստեղ է թաքնված մեր կողմից արհամարված ամենապարզ, ամենահասանելի բանալին մեր ազատության՝ ստին  անհատապես չմասնակցելը: Թող թե սուտը ամեն ինչ ծածկել է, ամեն ինչին տիրապետում է, բայց ամենափոքր բանի մեջ վեր պոկվենք՝ թող սուտը տիրապետի ոչ մեր միջոցով: Եվ դա ճեղքվածք է մեր անգործության թվացյալ օղակի մեջ, ամենահեշտը մեզ համար և ամենակործանարարը ստի համար: Որովհետև, երբ մարդիկ խորշում են ստից, այն պարզապես դադարում է գոյություն ունենալ: Վարակի պես այն կարող է գոյություն ունենալ միայն մարդկանց վրա:

 Կանչից չենք ազդվում, մենք չենք հասունացել դեռ հրապարակներ գնալու և բարձրագոչ բղավելու, բարձրաձայն արտահայտելու համար այն ինչ մտածում ենք. պետք չէ, սարսափելի է դա: Բայց գոնե հարաժարվենք ասել այն, ինչ չենք մտածում: Ահա սա է ճանապարհը, ամենահեշտը և մատչելին մեր սերտաճած օրգանական վախի պայմաններում, ավելի հեշտ քան Գանդիի քաղաքացիական անհնազանդությունը: Մեր ճանապարհն է՝ ոչնչով չաջակցել ստին գիտակցաբար: Գիտակցելով, թե որտեղ է ստի սահմանը՝…ընկրկել այդ փտախտային սահմանից…չկարկատել փտած կտորը, և մենք ապշահար կլինենք, թե ինչքան շուտ և անօգնական կտապալվի սուտը, և այն ինչին տրված է մերկ լինել, աշխարհին կհայտնվի մերկ:

 Եվ այսպես, մեր կաշկանդվածության միջոցով թող ամեն ոք ընտրի՝ կմնա ինքը գիտակցաբար ստի ծառան (իհարկե, հակված չլինելով ստին, այլ՝ ընտանիքին կերակրելու համար, երեխաներին ստի ոգով դաստիարակելու համար), թե եկել է ժամանակը սուտը թոթափել որպես ազնիվ մարդ, արժանի իր երեխաների և շրջապատի հարգանքին: Եվ այսօրվանից նա.

-այսուհետ չի գրի, չի ստորագրի, չի տպագրի ոչ մի կերպ, ոչ մի արտահայտություն, որն, իր կարծիքով, աղճատում է ճշմարտությունը,

-կեղծ արտահայտություն չի արտաբերի ոչ մասնավոր զրույցի ժամանակ, որ մարդաշատ վայրերում, իր անունից, կամ…ուսուցչի, դաստիարակի անունից, կամ թատերական դերի միջոցով,

-նկարչությամբ, քանդակի, լուսանկարի…միջոցով գիտակցաբար չի պատկերի…չի հաղորդի ոչ մի կեղծ միտք, ճշմարտության ոչ մի աղճատում,

-ոչ բանավոր, ոչ գրավոր չի անի ոչ մի…մեջբերում ինչ-որ մեկին դուր գալու, ինքն իրեն ապահովագրելու, կամ սեփական աշխատանքի հաջողության համար, եթե մեջբերվող մտքի հետ ամբողջովին համաձայն չէ…

-թույլ չի տա, որ իրեն ստիպեն գնալ միտինգի կամ ցույցի, եթե դա դեմ է իր ցանկությանը, չի վերցնի ձեռքը և չի բարձրացնի…լոզունգը, որի հետ ամբողջովին համաձայն չէ,

-քվեարկման ժամանակ ձեռք չի բարձրացնի այն առաջարկի համար, որի հետ հոգու խորքում համաձայն չէ, ոչ ակնհայտ, ոչ գաղտնի կերպով չի քվեարկի այն անհատի համար, ում անարժան ու կասկածելի է համարում,

-թույլ չի տա, որ իրեն տանեն մի հավաքի, որտեղ սպասվում է հարցի ստիպողական քննարկում,

-նույն վայրկյանին կլքի այն նիստը, ժողովը, դասախոսությունը, ներկայացումը…որտեղ ելույթ ունեցողից լսի սուտ…կամ անամոթ քարոզ,

-…չի գնի մի լրագիր կամ թերթ, որտեղ տեղեկությունները աղճատվում են, առաջնային կարևորության փաստերը քողարկվում են:

 Մենք, իհարկե, թվարկեցինք ստից խուսափելու ոչ բոլոր հնարավոր և անհրաժեշտ ուղիները: Բայց ով կսկսի մաքրվել, մաքրված հայացքով հեշտությամբ կտարբերի նաև մյուս դեպքերը: Այո, սկզբում, պայքարն անհավասար կստացվի: Ինչ-որ մեկը ժամանակավորապես կկորցնի աշխատանքը: Երիտասարդների համար ճշմարտությունը, որով ուզում են ապրել, կբարդացնի կյանքը, չէ որ դասերը, որոնք պատասխանում են, ևս լի են ստով, պետք է ընտրություն կատարել: Բայց ոչ մեկի համար, որ ուզում է ազնիվ լինել, այստեղ սողոսկելու տեղ չի մնացել, ոչ մի օր մեզանից ոչ մեկը…չի կարող խուսափել վերը բերված քայլերից որևէ մեկից, կամ պիտի գնա դեպի ճշմարտության, կամ ստի կողմը, հոգևոր անկախության կամ հոգևոր լակեյության կողմը: Եվ նա, ում համարձակությունը չի հերիքի նույնիսկ իր հոգու պաշտպանության համար, թող չհպարտանա իր առաջադեմ հայացքների համար, կամ որ ինքն ակադեմիկոս է, ժողովրդական արտիստ, վաստակավոր գործիչ կամ գեներալ: Ուրեմն, թող հենց ինքն իրեն ասի՝ <<ես եղջերավոր անասուն եմ և վախկոտ, ինձ միայն պետք է որ չմրսեմ և կուշտ լինեմ>>:

 Նույնիսկ այդ ճանապարհը, որն ամենաչափավորն է դիմադրության բոլոր ճանապարհներից, մեր՝ նստակյացներիս համար հեշտ չի լինելու: Բայց ինչքան ավելի հեշտ է ինքնահրկիզումից և նույնիսկ հացադուլից. կրակը չի լափի քո մարմինը, աչքերդ չեն տրաքվի այրվելուց, և սև հացն ու ջուրը միշտ կգտնվեն ընտանիքիդ համար…Դա հեշտ ճանապարհ չի լինի՞: Բայց դա ամենահեշտը կլինի բոլոր հնարավորներից: Դժվար ընտրություն մարմնի համար, բայց միակը հոգու համար: Դժվար ճանապարհ է, բայց մենք արդեն ունենք մարդիկ, նույնիսկ տասնյակ մարդիկ, ովքեր տարիներով պահում են վերը թվարկածս կետերը և ապրում ճշմարտությամբ: Ուրեմն, ոչ թե առաջինը ոտք դնել այդ ճանապարհին, այլ՝ միանալ: Ինչքան միասնաբար և մեծ քանակով ոտք դնենք այդ ճանապարհին, այնքան ավելի հեշտ ու կարճ կթվա մեզ այդ ճանապարհը: Մենք կլինենք հազարներ, և ոչ ոքի հետ հաշվեհարդար չեն կարողանա լինել, ոչինչ անել չեն կարողանա: Մենք կլինեն տասնյակ հազարներ, և այլևս չենք ճանաչի մեր սեփական երկիրը: Եթե վախենանք, ապա հերիք է բողոքենք, թե ինչ-որ մեկը մեզ թույլ չի տալիս շնչել, այդ մենք ենք, որ ինքներս մեզ թույլ չենք տալիս…>>
Ալեքսանդր Սոլժենիցին

Комментариев нет:

Отправить комментарий