Поиск по этому блогу

пятница, 21 октября 2011 г.

Վարակիչ խաղ

“Competition brings out the best in products and the worst in people”. David Sarnoff
 Հայաստանում Monopoly խաղը տարածվեց 1990-ականների սկզբին, խորհրդային տնտեսության փլուզման տարիներին, երբ արժեքային համակարգը գլխիվայր շուռ եկավ: Monopoly-ն, ինչպես ոչ մի այլ խաղ, լավագույնս համապատասխանում էր նոր արժեքների կարիք ունեցող, երկաթե վարագույրներից ազատված հասարակության պահանջներին. կապիտալիզմը սկսեց իր հաղթական մուտքը դեպի հետխորհրդային տարածք՝ ոսկու փայլով շլացնելով տոտալիտար ռեժիմը թոթափած և սեփական ամբիցիաների սանձերն արձակած <<նոր սերնդի>> համար: Հիշում եմ, ինչպիսի հետաքրքությամբ և բավականությամբ էին ինձ շրջապատող խաղամոլ երիտասարդները յուրացնում մրցակցի ունեցվածքը՝ ավելի ու ավելի հզոր դիրք ձեռբերելով խաղի շուկայում. նրանք յուրացնում էին կապիտալիստական մրցակցության այբուբենը, որն  այլևս <<բուրժուական>> կամ <<անբարոյական>> չէր պիտակվում, այդպես ապրելն արդեն թույլատրված էր և նույնիսկ՝ անհրաժեշտ:
  Մոնոպոլիան հիմա ավելի մեծ տեղ ունի մեր կյանքում, քան կարող ենք պատկերացնել, մենք բոլորս այդ խաղի ակամա մասնակիցներն ենք,  գիտակցում ենք, երբ կորցնում ենք ինչ-որ բան՝ սեփականություն, հողատարածք, բիզնես, գումարներ, երբ առևտուր ենք անում շուկայում, կամ երբ էմիգրանտ հարազատն արտերկրից <<հումանիտար օգնություն>> է ուղարկում <<վստահելի>> բանկերի միջոցով, և, ամենակարևորը, երբ կորցնում ենք ազատությունը՝ լայն իմաստով՝ տնտեսական, սոցիալական և հոգևոր: Մենք ներքաշված ենք որակապես այլ բնույթի մրցակցության մեջ, որտեղ պարտվողը կլանվում է կամ արտագաղթում: Կոմունիստական ոգով դաստիարակված մեկի բանի չէ այս խաղը, իսկ այդ ոգին դեռևս կրում է հասարակության մեծ մասը՝ զրկված հակամոնոպոլիստական իմունիտետից. մարդկային լայն զանգվածների հիմնական գործն, ըստ էության, հարկադրաբար մոնոպոլիա խաղալ սովորելն է, և ոչ թե՝ բարեխիղճ կամ հանուն ընդհանուր բարօրության մրցակցությունը: Ազատ մրցակցությունը, որպես տնտեսական զարգացման նախապայման,  մնացել է ռուսսոյականության, մերձավորի հանդեպ սիրո նման գաղափարների շարքում: Տնտեսագիտական ուսումնասիրությունների փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում պաշտոնապես մոնոպոլիայի դեմ հայտարարված պայքարը հաճախ ավարտվել է նոր մոնոպոլիաների, օլիգոպոլիաների  ձևավորմամբ կամ ազատ մրցակցության սահմանափակմամբ[1]: Պատճառը ոչ այնքան բնական մրցակցության հետևանքով մոնոպոլիաների   առաջացումն է շուկայում, մոնոպոլիայի պետական հովանավորչությունը, որը գործնականում միախառնված է կոռուպցիայի հետ: Տնտեսագիտության մեջ մոնոպոլիաների այս տեսակավորումը հստակ է, և դա է պատճառը, որ մոնոպոլիան կամ գերիշխող դիրքը շուկայում, որպես այդպիսին, չի համարվում բացասական երևույթ, բացասական է և տնտեսության համար կործանարար գերիշխող դիրքի չարաշահումը՝ գների կամայական սահմանումը, հակամրցակցային կամ կարտելային համաձայնությունները, շուկայի մուտքի սահմանափակումը այլ սուբյեկտների համար և դրանցից բխող այլ երևույթներ: Ինչպես Ստիգլերն է վերլուծում, տեղի է ունենում ոչ միայն հարստության պարզ տեղափոխություն հասարակության մի խմբից մյուսին, այլ մոնոպոլիան հարվածում է ընդհանուրի բարեկեցությանը[2], տնտեսությունը  զրկվում է զարգանալու պոտենցիալից: Երբ մոնոպոլիստն իր արտադրած կամ ներմուծած ապրանքը վաճառում է այսպես կոչված մոնոպոլիստական գնով, որը  չհիմնավորված կերպով ավելին է ապրանքի իրական արժեքի և մրցակցային եկամտի հանրագումարից, նա ստանում է մոնոպոլիստական շահույթ, տնտեսագետների լեզվով՝ <<տնտեսական ռենտա>>, որը մոնոլոպոլիստը խլում է սպառողներից:  Մոնոպոլիստին ձեռնտու է վաճառել քիչ ապրանք՝ բարձր գներով,  իսկ սպառողը ստիպված է ապրանքը գնել առաջարկվող գներով, քանի որ այլընտրանք չունի, ցածր գնողունակության պատճառով սպառումը կրճատվում է, հետևաբար՝ մոնոպոլիստն էլ քիչ է արտադրում, քիչ ներդրումներ է անում: Այս ամենը բացասական են անդրադառնում ՀՆԱ-յի աճին, կամ գրանցվում է հետընթաց:
 Շուկայում մրցակիցներ հայտնվելու դեպքում, ապրանքը կվաճառվի ցածր գնով և մոնոպոլիստը կզրկվի ոչ միայն հավելյալ շահույթից, այլև՝ շուկայից: Այստեղից էլ՝ կարտելային համաձայնություններն ու համակենտրոնացումը, որպես տրամաբանական հետևանք: Համակենտրոնացումը շուկայում արտահայտվում է գործող սուբյեկտների միացմամբ, միաձուլմամբ, կամ մեկի կողմից մյուսի ակտիվների ձեռքբերմամբ[3]: Գործող սուբյեկտների կենտրոնացումն ավելի կառավարելի է դարձնում ռեսուրսների շրջանառությունը և շուկան: Սկսնակ կամ օտար ներդրողների համար, եթե նրանք, օլիգոպոլ թիմից չեն, շուկա մտնելու համար ստեղծվում են խոչընդոտներ պետական կառույցների կողմից կողմնապահությամբ տրամադրվող լիցենզիաների ու պատենտների, ապրանքների գնման ու վաճառքի ձեռնտու գների շուրջ ձեռքբերվող համաձայնությունների, տեռորի և բազմաթիվ այլ ապօրինի միջոցներով: Կարտելային համաձայնություններ ունեցող սուբյեկտների միջև առողջ մրցակցություն չկա, նրանք պայմանավորվում են համագործակցել ընդդեմ նորեկների և ռեսուրսների տնօրինման: Բիզնեսի ծավալով ավելի  մեծ և հեղինակավոր սուբյեկտը սահմանում է վաճառքի իր ուզած գինը, իսկ միևնույն ապրանքատեսակի շուկայում գործող մյուս սուբյեկտները հետևում են նրան: Այս <<օրենքը >> գործում է անգամ շուկայի ամենացածր օղակներում՝ սկսած բանջարեղենի վերավաճառողներից մինչև խանութպաններ: Ընդ որում, գները չափազանց փոփոխական են և <<հարմարեցված>> տեղական գնողունակ պահանջարկին: Օրինակ, վիճակագրական տվյալներով, 2011թ. հունվար սեպտեմբեր ամիսներին, Գյումրիում սպառողական ապրանքների գնաճը կազմել է 8.4 տոկոս, Վանաձորում՝ 9.3, Երևանում՝8.2 և այլն[4]: Պարենային ապրանքներն անցած տարվա համեմատ թանկացել են 14-16 տոկոսով: Հայտնի բան է, որ առաջնային անհրաժեշտության պարենային ապրաքների գներն ամենարագն են փոփոխվում, որովհետև դրանք ամենաբարձր կենտրոնացվածությունն ունեցող շուկաներից են: Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի (այսուհետ՝Հանձնաժողով) ուսումնասիրության[5] տվյալներով, շաքարավազի, ձեթի, կարագի, բրնձի, ցորենի շուկաներում գերիշխող կամ մոնոպոլ դիրք ունի միևնույն սուբյեկտը: Ուսումնասիրված պարենային և ոչ պարենային 12 ապրանքային շուկաներից 11-ում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, նրանցից 4-ում կա բարձր կենտրոնացվածություն[6]՝74-99 տոկոս: Շաքարավազի շուկայում, օրինակ, գերիշխող դիրքով սուբյեկտի մասնաբաժինը 99 տոկոսից ավելին է: Դեղորայքի շրջանառության ուսումնասիրված 22 շուկաներից 8-ը բարձր կենտրոնացվածություն ունեն: Ցածր կենտրոնացվածությամբ շուկաներ՝ 20-ից ավելի սուբյեկտներով, հազվադեպ են պատահում: Ընդ որում, կենտրոնացվածությունը շուկաներում արագ աճում է, շուկաներում գործող սուբյեկտների թվի նվազմանը զուգահեռ՝ 2009-11թթ. 38 տոկոսով, ինչը բավական լուրջ թիվ է և ցույց է տալիս տնտեսական ազատության և մրցակցության սահմանափակման պատկերը:
  Ի՞նչպես է Հանձնաժողովը պայքարում տնտեսական մենաշնորհների դեմ և ի՞նչպիսի օրենսդրական երաշխիքներ կան դրա համար: Հանձնաժողովը հակամրցակացային գործողությունների հայտնաբերման դեպքում դրամական տույժեր է գանձում օրինախախտ տնտեսվարողներից: Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք) գերիշխող դիրքի չարաշահման համար նախատեսում է 5-200մլն. դրամի տուգանք, գների չհիմնավորված բարձրացման համար՝ տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթի գանձում(Հդվ. 36.3): Հանձնաժողովի 2011թ. ծրագրում գրված է, որ <<տուգանքների չափերը չեն համապատասխանում իրավախախտումների բնույթին>>(էջ 21), ինչը առիթ է տալիս օրինախախտներին մուծել տուգանքը և շարունակել ապօրինի գործողությունները. հատկապես գնային մեքենայություններից ստացվող շահույթն այնքան մեծ է, որը դրա համեմատ տուգանքը գործին չխանգարող հարկատեսակի նման բան է դառնում, ինչպես, ասենք, ոստիկանին մուծվող տուգանքի կամ կաշառքի պարագայում: Հանձնաժողովի ծրագրում  նշված է, որ օրենսդրությունը բավարար լիազորություններ չի տալիս հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկություններ հավաքելու, գործարարների ներկայացրած փաստերը ճշգրտելու և մեղադրանքները դատարանում ապացուցելու համար, ինչի հետևանքով արդյունավետ աշխատել չի հաջողվում: Օրինակ, գների չհիմնավորված բարձրացումների ապացուցման համար գնային դիտարկումները դատարանում լիարժեք հիմնավորում չեն համարվում: Օրինախախտները կոծկում են իրականությունը կամ կաշառում դատական համակարգը՝ օգտվելով կառավարական վերնախավերում ունեցած հովանավորություններից: Համակենտրոնացումների իրական բնույթը, կարտելային համաձայնությունները չեն բացահայտվում, քանի որ տնտեսվարողները չեն ներկայացնում անհարժեշտ փաստաթղթերը: Այդ դեպքում, էլ ի՞նչ գների վերահսկողության կամ չարաշահումների կանխման մասին կարող է լինել խոսքը, որը հայտարարվում է ծրագրային դրույթներում: Նման աշխատանքի պայմաններում օրենսդարական փոփոխոթյունները և ծրագերը, ինչպես շատ այլ ոլորտներում, մնում են զուտ ձևական տուրք և միջազգային կառույցներից վարկային գումարներ պոկելու միջոց (Համաշխարհային Բանկի տրամադրած գումարների մի մասն ուղղվում է մրցակցության պաշտպանությանը): Ավելորդ է հիշատակել, որ Օրենսդիրներից շատերն հենց իրենք մոնոպոլիստներն են: Ակնհայտ է, որ միայն Հանձնաժողովը չի կարող շոշափելի աշխատանք կատարել, քանի դեռ տնտեսական մոնոպոլիան միաձուլված է քաղաքական մոնոպոլիայի հետ, որի դեմ պայքարելու միջոցը մակերեսային ռեֆորմներով իրականացնել հնարավոր չէ:
<<Յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում` սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետեւանքով վնաս է կրել, իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմելու դատարան: Սույն իրավունքը վերապահվում է նաեւ շահագրգիռ անձերի տնտեսական շահերը պաշտպանելու իրավասություն ունեցող կազմակերպություններին>>[7]:
ՀՀ Օրենքը Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին, Հդվ. 11.3
Լևոն Գալստյան
  




[1] Տես՝ G. Stigler, Monopoly
[2] Տես՝ նույն տեղում
[3] Տես՝ ՀՀ Օրենքը Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին, Հդվ. 8
[4] Տես՝ Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2011թ. հունվար-սեպտեմբերին, ՀՀԱՎԾ
[5] Տես՝ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի 2011թ. տարեկան գործունեության ծրագիր
[6] Ապրանքի շուկան համարվում է բարձր կենտրոնացված, եթե նույն շուկայում գործող երեք սուբյեկտները միասին գրավում են շուկայի 70 տոկոսից ավելին:
[7] <<Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին…,խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններից ու սպառողների միջև բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները>>: ՀՀ Օրենքը Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին, Հդվ. 11.1

пятница, 14 октября 2011 г.

Հակակոռուպցիոն քաղաքականության վրացական մոդելը

  Transparency International միջազգային կազմակերպության վերլուծություններով, Վրաստանում կոռուպցիայի մակարդակի ցուցանիշը ամենացածրն է հետխորհրդային տարածքի բոլոր մյուս պետությունների ցուցանիշերից, ավելին, Վրաստանում այդ ցուցանիշը 2003թ. հեղաշրջումից հետո տարեց տարի նվազել է, իսկ հարևան մյուս պետություններում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և այլուր դրությունն ավելի է վատացել[1]: Մինչդեռ Վրաստանում խորհրդային ռեժիմի  կազմաքանդումից հետո կոռուպցիան ավելի խորն էր արմատացել և ավելի սանձարձակ էր, քան հարևան պետություններում: Ամենաթողության պայմաններում  խորացող կոռուպցիայի հետևանքով վրաց իրավապահ մարմինները քայքայվեցին ներսից, որիվ օգտվելով՝ երկրում սնկերի նման սկսեցին ձևավորվել հանցագործ խմբավորումներ, որոնք զինված էին և որոշ դեպքերում հովանավորվում էին հանցավոր գործարքներում ներքաշված պետական պաշտոնյաների կողմից: Ռուսաստանի բանտերից վերադարձած հանցագործները հեղեղել էին երկիրը, նրանցից  ազդեցիկները՝ այսպես կոչված <<օրենքով գողերը>> ձեռք բերեցին երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդելու ուժեղ լծակներ՝ օգտագործելով կոռուպցիայի բոլոր միջոցները: Այդ խմբավորումները ներգրավվեցին ազգային անվտանգության ուժերում, դարձան նախարարներ[2]: Նույն ուժերը կապեր ունեին հետխորհրդային մյուս երկրների հանցագործ խմբերի հետ, որոնք ևս իրենց երկրներում ակտիվ ներգրավված էին պետական կառավարման և գործարար ոլորտներում՝ վճռորոշ դեր խաղալով կոռուպցիոն հարաբերությունների արմատավորման մեջ: Բայց եթե նախկին խորհրդային մյուս երկրներում այդ հարաբերություններն ու անձինք մինչ օրս շարունակում են հասարակություններ կազմաքանդել, Վրաստանում քաղաքական նոր վարչակարգը կարողացավ  հանցագործ տարրերին բավական արդյունավետ մեկուսացնել  պետական կառավարումից և զրկել տնտեսական  լծակներից: Ինչպես՞: Միլխեիլ Սահակաշվիլին իր առջև խնդիր դրեց ամբողջովին ազատվել կոմունիստական անցյալի ամենաբացասական ժառանգությունից՝ կոռուպցիայից, որն ավելի քան կենսունակ էր հասարակական բոլոր կառույցներում: 2004թ.-ից արմատական բարեփոխումներ սկսվեցին իրավապահ մարմիններում: Ներքին Գործերի Նախարարության աշխատակիցների թիվը 40000-ից նվազեցվեց 17000-ի, ոստիկանների մոտ կեսն աշխատանքից ազատվեց: Ոստիկանների, ինչպես նաև հասարակական սեկտորի աշխատողների, աշխատավարձերը զգալի բարձրացվեցին՝ մոտ 15 անգամ: Ոստիկանների նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը էականորեն փոխվեց, կաշառակերությունը կտրուկ նվազեց, ժողովրդին հնարավորություն տրվեց վերահսկել ոստիկաններին և զանցանքների մասին տեղյակ պահել բարձրագույն ատյաններին: Վրացի ոստիկանի կերպարը արմատապես տարբերվում է հարևան երկրների ոստիկանի կերպարից, թեև երկուսն էլ կոմունիստական և խորապես կոռումպացված անցյալն ընդհանուր է: Ոչ միայն վրացիներից, այլև Վրաստանի ծովափնյա շրջաններում ամառային հանգիստն անցկացնող հայերից բազմիցս կարելի է լսել հիացական կարծիքներ վրացի ոստիկանի մասին. օրինակ՝ վրացի ոստիկանը ոչ թե առիթ է փնտրում քաղաքացուց կաշառք պոկելու համար, այլ հետևում է օրենքի տառին և շատ բարեհամբույր է: Իհարկե, չի կարելի ասել, որ կաշառակեր ոստիկաններ չկան, բայց դրանք մեծամասնություն չեն: Ոստիկանական համակարգը Վրաստանում վերակազմավորվեց հյուսիսամերիկյան մոդելով, ֆինանսավորմամբ և մասնագետներով: Առանց այդ առանցքային քայլերի, անհնար կլիներ նոր արժեքների արդյունավետ ներդրումն ու սոցիալ-տնտեսական արագ զարգացումը, ինչին թաքնված նախանձով ականատես են լինում խորհրդային ժառանգության կնիքով և պրոռուսական քաղաքականությամբ շարժվող հարևան երկրների քաղաքական ղեկավարները: Ինչքան էլ ռուսական պետական PR-ը փորձի սևացնել վրացական կառավարման մոդելը և ծաղրի Սահակաշվիլիին (որպես պայքար ամերիկայն ազդեցության դեմ), և ինչքան էլ հետխորհրդային հասարակության լայն զանգվածները տուրք տան ինքնախաբեությանը, սրտի խորքում նախանձում են վրաց ժողովրդին ամեն ագնամ, երբ իմանում են որևէ կաշառակեր վրաց պաշտոնյայի աշխատանքից ազատման կամ դատապարտման մասին: Ըստ Վրաստանի Արդարադատության Նախարարության տվյալների, 2003-2010թթ. Վրաստանում կոռուպցիայի մեջ մեղադրվել է մոտ 1000 պաշտոնյա, որից 6-ը խորհրդարանի անդամներ էին, 15-ը նախարարներ, 31-ը՝ քաղաքային խորհուրդների պաշտոնյաներ: Այդ բացահայտումներն իհարկե վրացիների կողմից միանշանակ չեն ընդունվում. միշտ լինում է մի խումբ, հաճախ ձերբակալվածների հետ կապեր ունեցող, որը կոռուպցայի մեղադրանքը համարում է քաղաքական հաշվեհարադարի չարդարացված միջոց և հայտարարում, որ մեղադրողներն իրենք էլ կոռուպցիայի մեջ թաթախված են: Բայց, նույնիսկ եթե այդ պնդումները ճիշտ են[3], նման հաճախականությամբ բացահայտումներն արդեն իսկ ստիպում են պաշտոնյաներին զգուշանալ, իսկ քաղաքացիներին՝ խուսափել կաշառք առաջարկելուց: Հասարակության հետ շփվող կառույցներում կաշառակերության մակարդակը հասցված է նվազագույնի. 2010թ. Caucasus Research Resource Center կազմակերպության հետազոտության համաձայն, վրացիների միայն 12.5 տոկոսն է նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում կաշառք է տվել: Բնակչության մեծ մասը փաստում է, որ կաշառակերության հետ այլևս քիչ է առնչվում:
 Կոռուպցիայի վերացումը Սահակաշվիլիի վարչակարգի համար բիզնես ոլորտում օտարերկրյա ներդրումները խթանելու առաջնային նախապայմանն է: Ներդրումների համար վստահելի դաշտ ստեղծելու նպատակով լայն ռեֆորմներ ձեռնարկվեցին իրավական դաշտում, պարզեցվեցին բիզնեսի համար լիցենզիա ստանալու, սեփականության գրանցման, հարկեր ու մաքսեր վճարելու մեխանիզմները, որոնք նախկինում միտումնավոր բարդացված էին կաշառքներ վերցնելու համար: Հարկատեսակները 21-ից հասցվեցին 6-ի, կրճատվեց նաև տարբեր տեսակի գործունեության համար պահանջվող փաստաթղթերի քանակը(մոտ 900-ից 800-ը վերացվեցին), մաքսայի ներմուծումների համար սահմանվեց <<մեկ պատուհանի>> սկզբունքը[4], որը զգալի հեշտացրեց գործընթացը, ներմուծվող շատ ապրանքատեսակների համար մաքսը վերացվեց: 2004թ. հարկային նոր կոդեքսի ընդունումից և հարկերը նվազեցնելուց հետո պետական տարեկան եկամուտները մոտ կես միլիարդ դոլարից երեք տարում հասցվեցին 1.7 մլրդ դոլարի: Շատ գործարարներ, իշխանության ճնշմամբ, ստիպված եղան պետությանը <<նվիրել>> իրենց ունեցվածքը (ռեստորաններ, խանութներ և այլն), քանի որ, ինչպես ձևակերպված էր պետական մեղադրանքում, ունեցվածքի համար թույլտվությունը ձեռք էին բերել ապօրինի թույլտվությամբ: Իրավապահներին ու պետական պաշտոնյաներին անկաշառ պահելու համար Սահակաշվիլին սկսեց երկիրը մաքրել ազդեցիկ հանցագործներից, որոնցից շատերը ապաստանեցին Ռուսաստանում, որտեղ հանցագործության համար ավելի պարարտ հող կա: Եվրոպայի Վերակառուցման և Զարգացման բանկի (բանկը վարկեր է տրամադրում Վրաստանում բիզնեսի զարգացման համար) ուսումնասիրությունների տվյալներով, Վրաստանում գործող մասնավոր ընկերությունների մոտ 15 տոկոսն է խոստովանել, որ փաստաթղթային խնդիրներ լուծելու համար կաշառք է տվել պետական կառույցներում (Ռուսաստանում՝ 40 տոկոսը, Ուկրաինայում՝ 31): 2010թ. Համաշխարհային Բանկը Վրաստանը հայտարարեց <<համար առաջին ռեֆորմիստ >>բիզնես ոլորտում:
  Ի նկատի ունենալով այն, որ Վրաստանը շահութաբեր բնական ռեսուրսներով հարուստ չէ, արտահանման ծավալներն էլ, ըստ Geostat-ի, մոտ 4 անգամ գերազանցում են ներմուծման ծավալները(ինչպես Հայաստանում, ի դեպ), վրացական տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժը բիզնեսում տեղական և հատկապես օտարերկրյա ներդրումների ծավալի աճն է, որը եզակի է հետխորհրդային տարածաշրջանում: 2003թ. օտարերկրյա ներդրումների ծավալը  Վրաստանում 340մլն. դոլար էր, իսկ 5 տարի հետո դարձավ 1.56 մլրդ դոլար: 2008թ. օգոստոսին Ռուսաստանի հետ կարճատև պատերազմի հետևանքով, ներդրումները կրճատվեցին մոտ 3 անգամ, բայց 2010թ. նորից ավելացան, իսկ 2011թ. նախատեսվում է դրանք հասցնել մինչև 1մլրդ, հիմնականում հիդրոէլէկտրաէներգիայի արտադրության և տուրիզմի զարգացման հաշվին: Օտարերկրյա ներդրումների ծավալը կազմում է ՀՆԱ-յի 50 տոկոսից ավելին (Հայաստանում այն ՀՆԱ-յի մոտ 20 տոկոսն է, Ռուսաստանում՝ 25 տոկոսը): Ներդրումները կատարվում են հիմնականում հումքային վերամշակության, տրանսպորտի և կոմունիկացիաների, տուրիզմի  և անշարժ գույքի ոլորտներում: Գաղտնիք չէ, որ հատկապես անշարժ գույքի շուկայում ներդրողների շարքում են նաև հայ գործարարները(նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները), ովքեր, հավանաբար, վրացական հողում բիզնես դնելը ավելի հեռանկարային են համարում, պաշտպանված հովանավորչությունից: Նույն նկատառումներով հայերը գերադասում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում, որտեղ շատ ավելի մատչելի է, ծառայություն մատուցողներն՝ ավելի բարեհամբույր: 2010թ. Վրաստանի ծովափնյա քաղաքներն հյուրընկալել են շուրջ 2մլն. մարդ՝ հիմնականում հետխորհրդային տարածքի երկրներից, և այդ թիվն ավելանալու  տենդենց ունի: Վրացական իշխանությունները նախատեսում են պայմաններ ստեղծել նաև ձմեռային հանգստի անցկացման համար՝ օտարերկրյա ներդրումների (օրինակ՝ Իսրայելի) օգնությամբ: Այս ամենը հնարավոր չէր լինի ներքին շուկայում կոռուպցիոն երևույթների գերակայության դեպքում: Վրաստանի ՀՆԱ-ն ներդրումների շնորհիվ տարեկան աճում է 5-10 տոկոսով, 2010թ. աճել է 6.4 տոկոսով[5] :
 Այս ռեֆորմներով հանդերձ, Վրաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու հասարակության մեջ արմատացած բացասական արժեքների վերափոխման և կոռուպցիայի վերացման ուղղությամբ, ինչը բավական բարդ է՝ հաշվի առնելով հետխորհրդային ժառանգության դեռևս կենսունակ ազդեցությունը, որից փորձում է օգտվել Ռուսաստանը՝ ներսից  խարխլելով նոր ձևավորվող արևմտյան մոդելի հասարակարգը, ինչպես դա հաջողվեց անել Ուկրաինայի պարագայում: Ուկրաինային չհաջողվեց նարնջագույն հեղափոխությունից հետո կառուցել հասարակության և տնտեսության զարգացման այլընտրանքային, իմա՝ ոչ պրոռուսական, մոդել, երկիրը կարճաժամկետ բարեփոխումներից հետո որդեգրեց ավտորիտար  կառավարման նույն մեթոդներն, ինչ հետխորհրդային տարածքի երկրների մեծամասնությունը. Ուկրաինան ընթանում է հակահեղափոխական ճանապարհով՝  ավելի ամուր փարվելով կոռուպցիային: Շատերը, կարծում եմ, կհամաձայնվեն, որ Հայաստանի դրությունը շատ չի տարբերվում Ուկրաինայից: 
Լևոն Գալստյան 


[1] Corruption Perceptions Index-ի տվյալներով, Վրաստանը ուսումնասիրված 178 երկրների շարքում գրավում է 68-րդ տեղը, Հայաստանը՝123-րդ, Ադրբեջանը՝ 134-րդ, Բելառուսը՝127-դ տեղը և այլն:
[2] Օրինակ, Շեվարնաձեի հրամանով, Մխեդրիոնի անվամբ հայտնի հանցագործ խմբավորման անդամ Թեմուր Խաչիշվիլին նշանակվեց Ներքին Գործերի Նախարար (Տես՝ Gavin Slade, The State on the Streets: the Changing Landscape of Policing in Georgia):
[3] Ըստ որոշ ուսումնասիրությունների(տես՝Caucasus Analytical Digest, No.26), կոռուպցիան Վրաստանում կենսունակ է հիմնականում բարձրագույն իշխանության նեղ շրջանակներում, որոնք կոռուպցիան օգտագործում են այլ խմբավորումների դեմ ինտրիգներ հյուսելու, սեփական իշխանությունը պահելու, բիզնեսում հենարաններ ունենալու նպատակով: Սրա բացասական հետևանքերը հասարակությունը գրեթե չի զգում, կամ չի զգում այնպես, ինչպես, ասենք, Հայաստանում, կամ Ադրբեջանում:
[4] Այս սկզբունքը փորձ է արվում ներդնել նաև Հայաստանում, բայց առայժմ՝ անարդյունավետ: Մեկ օրինակ. Հայաստան-Վրաստան սահմանը հատելիս, հայկական անցակետում փաստաթղթերի ստուգման համար թե հայերը և թե վրացիները ստիպված են կրկնակի անգամ ավելի շատ ժամանակ ծախսել, քան՝ վրացական անցակետում:

[5] Հայաստանում ՀՆԱ-ն 2010թ, աճել է 2.1 տոկոսով: Վիճակագրական պաշտոնական տվյալները փաստում են, որ ՀՆԱ-յի աճը Հայաստանում 2000թ.-ից աստիճանաբար անկում է ապրել, ինչպես կոռուպցիայի վատ ցուցանիշերով այլ երկրներում, իսկ Վրաստանում՝ հակառակը:

пятница, 7 октября 2011 г.

Ո՞վ է մեղավոր կոռուպցիայի համար

<<Ձեզանից ով որ անմեղ է, առաջինը թող նա քար գցի դրա վրա>>: Հվհ., 8.7
  Կոռուպցիայի դեմ պետական մակարդակով հայտարարված պայքարը ցույց տալու և սեփական կերպարն ավելի մաքուր ներկայացնելու համար բարձրագույն իշխանությունը Հայաստանում, և համոզված եմ, շատ այլ երկրներում, կարիք ունի ժամանակ առ ժամանակ քավության նոխազներ գտնել և հրապարակայնորեն դատապարտել նրանց հանցանքը, ինչպես հնում վարվում էին հրեաները և մորթում անմեղ կենդանիներին: Մարդկանց դեպքում թեև քավության նոխազներն իրոք վարժ կաշառակերներ են, բայց՝ ավելի մաքուր քան իրենց դատապարտողները, նույնիսկ՝ անմեղ: Դա է պատճառը, որ երբ դատապարտվում են, վստահ են, թե իրենց հետ հասարակությունն անարդար է վարվել, որ իրենք զոհ են գնացել պետական անգութ մամլիչին, որը ծառայում է ոչ թե ընդհանուրի շահերին, այլ՝ մի խումբ պատեհապաշտների: Նոխազի կարգավիճակում ժամանակ առ ժամանակ, հատկապես երբ անհրաժեշտ է <<մեղմել սոցիալական լարվածությունը>>, ինչպես սիրում են ասել արդարադատության նեմեսիսի <<հավատարիմ>> ստրուկները, հայտնվում են կաշառակեր դասախոսներ, իրավապահներ, դպրոցների տնօրեններ, հազվադեպ՝ նաև <<մեծ ձկներ>>. օրինակ, վերջերս աշխատանքից ազատվեց ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետը, ում դեմ քրեական գործ էր հարուցվել պետության կողմից հատկացված բենզինի խոշոր չափերով յուրացման համար (փոքր չափերով յուրացնելու դեպքում գուցե և խուսափեր բացահայտումից, ինչպես շատ շատերն իր կոլլեգաներից): Բայց նման դեպքերում, սովորաբար, <<ժամանակակից>> Թեմիսն[1] առաջնորդվում է ոչ թե արդարության սկզբունքներով,  այլ՝ դարձյալ կոռուպցիայով. բյուրոկրատական աստիճանակարգության բարձունքներում քաջատեղյակ են իրենց հովանավորյալների <<չարաճճիություններից>> և իրենք էլ օգտվում են պետական գանձարանից հափշտակված կամ որպես կաշառք վերցված գումարներից, իրենց հովանավորյալներին քավության նոխազ են դարձնում թիմային կամ կուսակցական ինտրիգների ազդեցությամբ և մեկ ուրիշի հանցանքը հովանավորելով, ինչպես շախմատում զոհ են տալիս ավանգարդում կանգնած զինվորներին: Իսկ զոհերի բողոքն այն մասին, թե իրենք ծառայել են հավատարիմ և անմռունչ, դառնում է պարզապես գառան մայուն, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
  Կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով[2] Հայաստանի նման անցումային տնտեսությամբ երկրներում կառավարման յուրօրինակ մեխանիզմ է, պետական գումարների հափշտակումից սկսած մինչև դատավորներին ու դասախոսներին վճարվող կաշառքները ծառայում են ընտրազանգված գնելու, և իշխանությունը պահելու, բյուրոկարտական համակարգը հեշտ կառավարելի դարձնելու նպատակին: <<Թողնում եմ կաշառք վերցնես, որ դու էլ ապրես, ես էլ, մեր ղեկավարն էլ մեզանից գոհ լինի>> սկզբունքին անհամաձայն որևէ մեկը տեղ չունի պետական հիմնարկների առանցքային պաշտոններում: Հայաստանում այս <<մշակույթն>> աստիճանաբար մենաշնորհայնացվում է պետական ապարատի վերին աստիճաններում՝ քավության նոխազներին ավելի հեշտ գտնելու, ըստ այդմ միջազգային կառույցներին գեղեցիկ անակնկալներ մատուցելու և համակարգը խիստ կենտրոնացնելու նկատառումներով: Կոռուպցիան, այսպիսով դառնում է <<էլիտար>> երևույթ, գործում է կուլիսային փոխհամաձայնության մեխանիզմ, որով հիերարխիայի վերին աստիճաններում կառավարողները <<ընտրյալների խումբ>> են ձևավորում և պայքարում այլ խմբերի դեմ կոռուպցայի բազմապիսի զենքերով. <<ընտրյալ>> գործարարները կաշառք են տալիս կամ օգտվելով <<բարձրյալների>> հովանավորությունից օրինաստեղծ մարմիններում ազդում են օրենքների ստեղծման գործընթացին և դրանք ծառայեցնում իրենց շահերին՝ խոստանալով ծառայություններ մատուցել <<բարձրյալներին>>: Այդ օրենքները հիմնականում վերաբերում են հատկապես բիզնեսի համար հողհատկացումներին, հարկային և մաքսային քաղաքականությանը, կրթությանը և այլն: Երբ ազդեցիկ գործարարներն օգտագործում են իրենց լծակները կամ ուղղակի կաշառքը օրենքների գործադրությունից խուսափելու համար, և հարկերի փոխարեն <<անհրաժեշտ>> մարդկանց հարկեր են վճարում կաշառքի ձևով, ըստ այդմ պարտավորվում են ամեն ինչ անել, որպեսզի պաշտոններում լինեն հենց այդ մարդիկ: Կոռուպցիան մարդկանց միմյանց կապող ամենաամուր կապն է, իսկ տիկնիկավարի անկումը կարող է նշանակել ամբողջ համակարգի փլուզում՝ ճակատագրական հետևանքներով, որովհետև համակարգի հնարավոր փլուզողները նախանձախնդիր են նրանց առավելագույն դատապարտմանը՝ վասն իրենց ապահովագրման և նոր, ավելի ուժեղ կոռումպացված համակարգի ստեղծմանը, եթե իհարկե վերջիններս նույն համակարգի ծնունդ են և նույն մտածողության կրող: Ոչ միայն կառավարական շրջանակներում, այլև ողջ հասարակության մեջ գերիշխում է կլանային կամ խմբային մտածողությունն ու վարքը, որն առաջնորդվում է կոմունիստական բյուրոկրատիայի և հանցագործ աշխարհի կամ <<блат, blat >>[3]-ի միախառնված սկզբունքներով:  блат-ն արմատավորված է հետխորհրդային բոլոր երկրներում և ունի միանման հետևանքներ. այն գերիշխում է հասարակության անկիրթ խավերում, գրավում երիտասարդներին, ովքեր դրա սկզբունքներն ընդունում են որպես հաջողության հասնելու հիմնական երաշխիք: Ճիշտ է, այդ սկզբունքների հետևորդներն այլևս <<բլատնոյ> չեն կոչվում, բայց ձեռագիրն ու մտածողությունը նույնն է: Լայն կապեր ունեցող և օրենքը շրջանցող մարդը մեծ հարգանք է վայելում և սովորեցնում, որ հովանավորչությունը կամ նեպոտիզմը ուժի արտահայտություն է, ըստ այդմ, պախարակվում են այն անձինք, ովքեր դեմ են այդ սկզբունքներին: Վերջիններս ընդունվում են որպես հիմարներ կամ միամիտներ, նույնիսկ ընտանիքի կամ ընկերության դավաճաններ: Նույն տրամաբանությամբ արդար մարդիկ տեղ չունեն կոռումպացված համակարգում. նրանք ստիպված են բռնել արտագաղթի ճամփան, կամ հույսը դնել ամբոխներ կառավարող ընդդիմադիր դիրք բռնած նախկին քաղաքական գործիչների վրա, որոնք նույն կառուպցիոն համակարգի ճարտարապետներից  են, բայց խոստանում են այսուհետ լինել անաչառ և արմատապես փոփոխել կառավարման համակարգը: Այդ խմբին վստահելը փոփոխությունների սպասող զանգվածների համար առաջնային կարևորություն, ըստ էության չունի, նրանց <<հիշողությունը շատ կարճ է>>, պատրաստ են մոռանալ անգամ սեփական աչքով տեսած դաժան տարիները, միայն թե լինի փոփոխություն: Բայց блат-ի վրա հիմնված մտածողությունը հասարակության լայն շերտերի մեջ փոխված չէ, հետևաբար փոփոխությունը կարող է լինել միայն մակերեսային՝ մեկ պաշտոնյային կփոխարինի մյուսը, մեկ-երկուսը կլինեն համեմատաբար չկոռումպացված գործիչներ, բայց կոռուպցիան կարող է շատ արագ դուրս մղել նրանց արենայից, ինչպես շատերին, որոնց մասին մոռացել է ժողովուրդը: Անհրաժեշտ է փոխել արժեքային համակարգը. блат-ի սկզբունքներով մտածող նկարիչը չի կարող ստեղծել այլ բան քան блат-ի իդեալական կերպարներ: Սա է պատճառը, որ կառավարման համակարգը Հայաստանում և հետխորհրդային շատ այլ երկրներում դառնում է էլ ավելի կոռումպացված:
 Transparency Internetional  հեղինակավոր միջազգային հասարակական կազմակերպությունն ամեն տարի հրատարակում է <<Corruption Perceptions Index>> փաստաթուղթը, որտեղ արտացոլված են տարբեր երկրներում կոռումպացվածության մակարդակի վերաբերյալ հետազոտությունների տվյալները: Ըստ այդմ, Հայաստանը 2010թ. 178 երկրների մեջ գրավում է 123-րդ տեղը և այն երկների շարքում է, որտեղ տարեց տարի ցուցանիշն իջնում է, այսինքն՝ վիճակն ավելի է վատթարանում: Հայաստանն այնպիսի կոռումպացված երկրների շարքում է, ինչպիսիք են Մոզամբիկը, Տանզանիան, Բելառուսը և այլն: Ադրբեջանի ցուցանիշն ավելի ցածր է, ինչպես ԱՊՀ մյուս երկրներում, իսկ Վրաստանը 68-րդն է և մոտ Արևելյան Եվրոպային երկրների, Հունաստանի, Իտալիայի ցուցանիշերին: Ըստ Համաշխարհային Բանկի ուսումնասիրությունների, Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում և մի քանի այլ երկներում, ՀՆԱ-ի աճին զուգահեռ ավելացել են նաև կաշառքի չափերն ու հաճախականությունը, մեկ այլ նպաստող գործոն է նաև գնաճը:
 Երբ կոռուպցիայի և դեմոկրատական արժեքների բացակայության պատճառով հայկական գյուղերը զրկվում են Հազարամյակի Մարտահրավերներ ծրագրի ֆինանսավորմամբ զարգանալու հնարավորությունից, դա նշանակում է, որ կոռումպացված չինովնիկը ուղղակի մտնում է գյուղացու գրպանը, զրկում նրան ապրելու տարրական պայմաններից: Նախ՝2009թ. դադարեցվեց գյուղական ճանապարհների նորոգման ֆինանսավորումը, որով նախատեսվում էր նորոգել շուրջ 350 կմ ճանապարհահատված, 2011թ. սեպտեմբերին ծրագիրն ավարտվեց և Հայաստանը զրկվեց կորպորացիային նորից դիմելու հնարավորությունից: Նույնկերպ և նույն պատճառով Հայաստանի տնտեսությունը զրկվում է այլազգի գործարարների ներդրումներից, շուկան դառնում էլ ավելի մենատիրական ու փակ նոր բիզնես սկսելու համար: Կոռուպցիան և հովանավորչությունը գլխատում են փոքր և միջին բիզնեսը, որը զարգացած երկրներում ապահովում է ՀՆԱ-ի կեսից ավելին և տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժն է: Կոռուպցիայի հետևանքով տարեց տարի աճում է երկրի արտաքին պարտքը (այն կազմում է ՀՆԱ-յի 40 տոկոսից ավելի, ըստ պաշտոնական տվյալների), տնտեսությունն ընկնում կախվածության մեջ օտարերկրյա վարկերից և հետևաբար նաև՝ վարկ տվող պետություններից  ու կառույցներից,  որոնք ներդրումների չեն վերածվում:
 Քանի դեռ կոռուպցիան որպես խնդիրների լուծման հեշտ միջոց քողարկված հովանավորվում է ժողովրդի լայն զանգվածների կողմից, և քանի դեռ դեմոկրատական կեղծ արժեքներ քարոզողները կսովորեցնեն, որ <<ժողովուրդը միշտ ճիշտ է>>, այնքան ժամանակ կոռուպցիան երկրում ծաղկելու, իսկ տնտեսությունն ու հոգևոր արժեքները հետընթացի ուղի բռնելու պատճառ կունենան:
 Լևոն Գալստյան
 



[1] Թեմիսը հին հունական դիցարանում արդարադատության, կարգուկանոնի աստվածությունն էր:
[2] Կաշառք, հովանավորչություն, նեպոտիզմ(ծանոթին կամ թիմակցին պաշտոնի նշանակելը՝առանց հաշվի առնելու նրա մասնագիտական կարողությունները), էքստորցիա(քրեական հանցանք, որով ստիպում են մեկին զիջել սեփականությունը, կամ պաշտոնը), կլեպտոկրատիա(գողերի իշխանություն) կամ քաղաքական կոռուպցիա(կառավարությունն օգտագործում է իր օրինական լծակներն ապօրինի շահույթ ստանալու նպատակով):

[3] Այս արտահայտությունը, ըստ ուսումնասիրողների, լեհական ծագում ունի և նշանակում է <<մեկը, ով ապահովում է անձրևանոցով կամ տանիքով>>: Խորհրդային տարիներին, ռուսերենով այն օգտագործվում էր բացատրելու համար ոչ պաշտոնական համաձայնությունները, կապերը, կաշառքը և ազդելու այլ միջոցներ, որոնցով ինչ-որ մեկը կարողանում էր խնդիրներ լուծել իր և ուրիշների համար:

понедельник, 26 сентября 2011 г.

Անուղեղ երկիր

     <<Որևէ ազգ չի կարող վստահ լինել իր ապագայի հանդեպ, եթե իր փախստականներն իր քաղաքացիների շարքերում են>>:
Pearl Buck, What America Means to Me
 Բանական որևէ օրգանիզմ չի կարող զարգանալ առանց ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի բնականոն կենսագործունեության: Ուղեղն է թելադրում օրգանիզմի յուրաքանչյուր քայլը, ուղեղն է կշռում այդ քայլի նպատակահարմարությունը և համապատասխանությունը սեփական սկզբունքներին, ուղեղն է օրգանիզմին մղում ինքնակատարելագործման: Հասարակությունը ևս բանական օրգանիզմ է կամ բանական օրգանիզմների ամբողջություն, որի զարգացումն առանց այդ օրգանիզմների անհատական և հավաքական ջանքերի հնարավոր չէ: Հասարակության որակը պայմանավորված է մտավոր կարողությունների տարբերությամբ. ինչքան շատ են կարող և աշխատասեր ուղեղներն, այնքան զարգացած և նորարար կլինի հասարակությունը, և հակառակը: Ինչքան խորն է հասարակությունը գիտակցում այս օրինաչափությունը, այնքան ավելի ուժեղ ու զարգացած է այլ հասարակությունների համեմատ, օգտագործում է ոչ միայն սեփական ուղեղների ռեսուրսը, այլև ներգրավում է ուղեղներ այլ հասարակություններից՝ ըստ այդմ թուլացնելով նրանց զարգանալու, հետևաբար նաև՝ գոյատևելու պոտենցիալը: Այստեղ, ըստ էության, երկրորդական է այդ նպատակին հասնելու համար գործադրված քայլերի բարոյականությունը, առաջնայինը արդյունքն է և հասարակությունների մրցակցությանը դիմանալու կարողությունը: Սա է քաղաքագետների օգտագործած realpolitik հասկացության էությունը, որն ինչքն էլ բացասական է, արտացոլում է իրկանությունը: Ըստ այդմ, մի հասարակություն, որը չի մտածում սեփական պոտենցիալի պահպանության և զարգացման մասին, դատապարտված է քաղաքական սնանկության, կամ մտավոր հետամնացության:
 Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական դիրքը և ներքին խնդիրները բնավ չեն խոսում հայկական realpolitik-ի օգտին. ավելին, Հայաստանն ավելի շատ նպաստում է այլ երկրների realpolitik-ին՝թուլացնելով իրենը: Մտավոր ռեսուրսի արտագաղթը ասվածի ամենահիմնական պատճառներից մեկն է: Կառավարությունն իր սխալ քաղաքականությամբ հասարակության մտավոր որոշիչ ներուժը արտահանում է արտերկիր՝ հարստացնելով իր մրցակիցներին, ավելի ճիշտ՝ այն պետություններին, որոնցից ֆինանսական ու քաղաքական անուղղակի կախվածության մեջ է:  Ուղեղների արտահոսքի պատճառով Հայաստանաբնակ հայ հասարակությունը, որպես օրգանիզմ, կորցնում է դիմադրողականությունը, դառնում խոցելի հոգևոր և ֆիզիկական արտաքին ներգործությունների նկատմամբ: Ուղեղների արտահոսքի պատճառով Հայաստանի տնտեսությունը կորցնում է առողջ զարգացման հնարավորությունը՝ ինքն իրեն հանձնելով առավելապես եսակենտրոն գործունեությամբ երկիրը հետընթացի ուղի տեղափոխած մի խումբ մարդկանց տնօրինությանը:  
 Հայաստանից կրթված մարդկային ռեսուրսի արտագաղթի ծավալների մասին հստակ գաղափար կազմել հնարավոր չէ համապարփակ և վստահելի ուսումնասիրությունների բացակայության /կամ, գուցե, գաղտնիության/ պատճառով: Ստիպված եմ բավարարվել առանձին հատվածական ուսումնասիրությունների, հարցազրույցների ու անձնական փորձառության տվյալներով, որոնցից կարելի է որոշ հետևություններ անել երևույթի մասին: Եվրասիայի Համագործակցության Հիմնադրամն 2009թ. հետազոտություն է իրականացրել Հայաստանի հինգ լավագույն դպրոցների վերջին տարիների շրջանավարտների շրջանում և <<Elite Migration in Armenia>> հետազոտության մեջ փաստել հետևյալը. ընտրված դպրոցների շրջանավարտների 22 տոկոսն  ապրում կամ աշխատում են արտերկրում: Նրանց  մեծամասնությունը Ռուսաստանում և ԱՄՆ-ում են, մյուսները՝տարբեր երկրներում: Միգրանտները շատ են հատկապես ֆիզիկա-մաթեմատիկական և ռուսական թեքումով դպրոցների շրջանավարտների մեջ, յուրաքանչյուր երեքից մեկը: Նրանց մեծամասնությունը, որպես կանոն, ամենաառաջադեմ դպրոցականներն են եղել հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, դպրոցն ավարտելուց հետո ստացել բարձրագույն կրթություն, մի մասը նաև՝ Գիտությունների թեկնածուի կամ Դոկտորի գիտական կոչումներ, իսկ հիմա իրենց գիտելիքներով զարգացնում և հարստացնում են օտար պետության բյուջեն և օրատերկրացուն: Նրանց մեծամասնությունը, հատկապես արևմտյան երկրներում բնակվողներն, իրենց համարում են ադապտացված տեղի միջավայրին և Հայաստան վերադառնալու մտադրություն չունեն, գոնե մոտ ապագայում, թեև վստահեցնում են, որ կվերադառնան Հայաստանում պատշաճ աշխատանք ունենալու ռեալ հնարավորության դեպքում: Իսկ պատշաճ աշխատանքը ենթադրում է նաև պատշաճ աշխատավարձ, պատշաճ մարդկային վերաբերմունք, իրավունքների պաշտպանություն, կոռուպցիայի հետևանքներից  պաշտպանված լինելու երաշխիքներ, որոնք մոտ ապագայում միգրանտները քիչ հավանական են համարում հայրենի երկրում: Արտերկրում աշխատող կրթված հայ միգրանտները, որպես կանոն, առնվազն 4 անգամ շատ են գումար վաստակում քան, երբ Հայաստանում էին, ունեն որակյալ և մատչելի կրթության և աշխատանքային առաջխաղացման շատ մեծ հնարավորություններ թե իրենց և թե իրենց երեխաների համար, օգտվում են սոցիալական և բժշկական ապահովագրության համակարգերից: Բնագիտական կրթությամբ շատ հայ երիտասարդներ աշխատում են միջազգային գիտահետազոտական խոշոր ծրագրերի վրա՝  միջուկային ֆիզիկայի, գենային ինժեներիայի, համակարգչային տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներում, ու, մեծ մասամբ, Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունեն: Դժվար չէ կանխատեսել, թե ինչքան կշահեր Հայաստանի տնտեսությունը, եթե կառավարությունը տեղում պատշաճ աշխատատեղեր ապահովեր այդ երիտասարդների համար, ֆինանսավորեր նրանց գիտական ուսումնասիրությունները, թեկուզ միջազգային կազմակերպությունների միջոցով, և պետական ծրագրով նրանց համար ապահովեր միջազգային համագործակցություն: Հայաստանի առողջապահությունն, օրինակ, ունի որակյալ մասնագետների սուր կարիք գրեթե բոլոր բնագավառներում, բայց բժշկական համալսարանի որակյալ շրջանավարտների մի մասը գերադասում է կարիերա ստեղծել արտերկրում: Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և սոցիալ-հոգեբանական ներկա վիճակը երկրին զրկում է ապագայի կառուցման առանցքային անկյունաքարերից.  սա արդեն մեջքից հարվածում է ազգային անվտանգությանը:
 ՀՀ նախագահի նախաձեռնությամբ 2009թ. ստեղծված <<Լույս>> հիմնադրամի տնօրենին մի անգամ հարցրեցի, թե ինչ երաշխիքներ կան, որ հիմնադրամի գումարներով աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ ուսանողներն ավարտելուց հետո կաշխատեն Հայաստանում: Տնօրենն այն կարծիքին էր, որ Հայաստանում բնակվելը պարտադիր չէ, և ինքը հուսով է, որ շահառուները Հայաստանի համար պիտանի գործ կկատարեն՝ թեկուզ բնակվելով արտերկրում, հուսով է: Այդպիսի լավատեսության հիմքերն անհասկանալի են. մեկ ամսով Հայաստան այցելած շահառուները փաստում էին, որ մասնագիտական գործունեության համար Հայաստանում նպաստավոր պայմաններ չեն տեսնում, և որ իրենք պատրաստվում են կրթություն ստանալուց հետո, գոնե ժամանակավորապես, աշխատել արտերկրում, ինչպես շատերը: Փորձը ցույց է տալիս, որ արտերկրում հաջողությունների հասած երիտասարդները /դեռևս ոչ <<Լույս>> հիմնադրամի շահառուները/  չեն վերադառնում և հայրենի երկրին ձեռք մեկնելու ցանկությամբ աչքի չեն ընկնում. նրանց օգնությունը սահմանափակվում է միայն հարազատներին օգնության գումարներ ուղարկելով,  նույնիսկ արտերկրում նրանք հիմնականում ակտիվ շփումներ չունեն հայկական սփյուռքի հետ, չեն հետաքրքվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով և աշխատում են օր առաջ յուրացնել օտար մշակույթն ու ինքնությունը: Փաստորեն, կառավարությունը իր <<Լույսով>> անուղղակիորեն նպաստում է արտագաղթին, քանի որ լուսավորյալների հետագա վերադարձի հնարավորությունն ապահովելու համար լուրջ քայլեր չի անում սոցիալ-տնտեսական խավարը վերացնելու ուղղությամբ, միտումնավոր կամ անճարակությամբ: Նույնիսկ իգական սեռի շրջանավարտներից քչերն են վերադառնում. տեղի է ունենում անհատական և ընտանեկան արժեքների փոփոխություն, աստիճանաբար ավելի շատ են հակվում օտարերկրացիների հետ ամուսնությանը՝ հաճախ այն օգտագործելով արտերկրում բնակության օրինական կարգավիճակ ձեռքբերելու նպատակով: Արտագաղթելու ցանկությունը սկսել է հարթել նաև արտերկրում երեխա դաստիարակելու և նրան միջավայրի բացասական ազդեցություններից պաշտպանելու մասին մտահոգությունները:
 Արտերկրում կրթվելու և աշխատելու մատչելի հնարավորություն են ընձեռում ամերիկյան, բրիտանական ու եվրոպական կրթական ծրագրերը՝ ֆինանսավորման լայն հնարավորությամբ, դիմորդների համար ստեղծում մրցակցային պայմաններ. այդ մրցույթներում հաղթելը դիմորդների համար դառնում է idea fix, կամ գերագույն նպատակ, փրկության միջոց: Թեև որոշ ծրագրեր դիմորդների առջև կրթվելուց հետո Հայաստան վերադառնալու  պայման են դնում, շատերն արտերկրում կապեր հաստատելով՝ վերադառնում են և, կարճ ժամանակ անց, աշխատանքային պայմանագրով նորից մեկնում աշխատանքի և մշտական բնակության: Իրենց ապագան միայն արտերկրում պատկերացնող երիտասարդների մյուս՝ ավելի մեծ, խումբը օտարերկրյա բուհերում կրթություն է ստանում սեփական միջոցներով, զուգահեռ աշխատելով ասենք խանութներում կամ սրճարաններում, կրթաթոշակներ ստանալով տարբեր հիմնադրամներից. համացանցում նույնիսկ ցանց են ստեղծել, որտեղ միևնույն տաշտակում հայտնված պոտենցիալ արտագաղթողները միմյանց օգնում են խորհուրդներով: Այստեղ միասնականությունն ավելի իրական է:
 Նրանք, ովքեր չեն կարողանում մեկնել, համալրում են պոտենցիալ արտագաղթողների հսկա բանակը: Ըստ <<Elite Migration in Armenia>> հետազոտության, էլիտար դպրոցների շրջանավարտների կեսից ավելին  մտածում են արտագաղթելու մասին և հնարավորության դեպքում, անմիջապես կմեկնեն: Համաձայն նույն աղբյուրի, պոտենցիալ արտագաղթողների ամբողջության մեջ դպրոցականներն ամենաշատն ունեն արտերկրում բնակություն հաստատելու ցանկություն: Իսկ պոտենցիալ արտագաղթողները, ըստ Gallup-ի, Հայաստանում կազմում են ընդհանուր բնակչության մոտ 40 տոկոսը, այսինքն՝ շուրջ 1 մլն. մարդ, և սա միայն սոցիոլոգիական հարցումների տվյալներով:
  Շիրակի մարզում աշխատող ճանաչված ու որակյալ գինեկոլոգ-վիրաբույժներից մեկը, ով ղեկավարում է Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնը, և իր գիտելիքներով կրթել է երիտասարդ մասնագետների մի խումբ, վերջերս ինձ հետ զրույցում խոստովանեց, թե մտադիր է թողնել աշխատանքն ու ընտանիքով տեղափոխվել երտերկիր. նա չէր դժգոհում աշխատանքից և աշխատավարձից, բայց  խորապես հիասթափված էր երկրում տիրող արժեքային համակարգի բացասական դրսևորումներից  և ազգային արժանապատվությանն անհարիր պետական քաղաքականությունից. բժիշկն իր երեխաների ապագան ուզում է ավելի վստահելի սոցիալական միջավայրում ձևավորել: Առնվազն զայրացնող էր պատկերացնել, թե ինչքան կտուժի մարզի առողջապահությունը, եթե զրկվի նման հեղինակավոր մասնագետից, իսկ հեղինակությունը, ինչպես հայտնի է, կարող է օրինակ ծառայել և ծառայում է մյուսների, հատկապես երիտասարդների համար, ովքեր օտար միջավայրին ավելի հեշտ են ադապտացվում, ունեն ավելի ճկուն արժեհամակարգ:
  Պոտենցիալ արտագաղթողը գրեթե նույնն է ինչ փաստացի էմիգրանտը. նրա կենսական էներգիայի մեծագույն մասն ուղղված է ամեն գնով Հայաստանից փախչելու գործունեությանը, որից Հայաստանը միայն տուժում է, պոտենցիալ արտագաղթողը ժողովրդի կամ պետության կենսական էներգիայի կորուստն է, ծերացումը կամ դանդաղ մահը, այլ խոսքով, պոտենցիալ արտագաղթողը Հայաստանում է միայն ֆիզիկապես,  հոգով և մտքով նա <<աշխարհի քաղաքացի>> է, առանց բնակության հստակ վայրի, առանց  ազգային ինքնության գիտակցության, ով, որպես պատիժ, դատապարտված է հավերժ նավարկել օվկիանոսներում, ինչպես մի <<Flying Dutchman>>-ի ուրվականը: Պոտենցիալ արտագաղթողը հայրենիքի համար կռվող չէ, նրա համար օտար երկրի շահն ավելի կարևոր է: Ինչպես <<Flying Dutchman>>-ը, նա պարտվել է իր անկարողության պատճառով և չարագուշակ նշան է բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում կամ չեն ուզում պայքարել…ազգային արժեքների համար, տուն հասնելու և այն պաշտպանելու համար:
Լևոն Գալստյան