Поиск по этому блогу

среда, 29 февраля 2012 г.

Զարթիր Լաո, մռնիմ քզի...


Կարող են արդյո՞ք բնապահպանական շարժումները ավելի ընդգկրուն խաղաղ սոցիալական ընդվզումների և քաղաքացիական ակտիվության հիմք դառնալ: Արդյո՞ք քաղաքացիական ակտիվությունը ներկա հասարակարգում դրական փոփոխությունների հասնելու արդյունավետ միջոց է: Նախ՝ առաջին հարցի մասին:
 Մաշտոցի այգում հավաքված երիտասարդ ակտիվիստները վստահ են, որ իրենց շարժումն ընդգրկելու է ավելի լայն սոցիալական խնդիրներ և ամեն մի հաղթանակի հետ նոր մարդիկ են միանալու իրենց: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը օրինակ է բերում 1988թ., երբ  Հայաստանում ծավալված անկախության շարժման համար, ինչպես ինքն է համոզված, պարարտ հող ստեղծեց  հենց բնապահպանական շարժումը, որը սկզբում դրսևորվում էր միայն գիտական շրջանակներում տեղի ունեցող քննարկումների ձևով: Բնապահպանական շարժման ամենակարևոր յուրահատկությունը, ըստ Խզմալյանի, ազգային ու համամարդկայինը միավորելն է, այլ խոսքով՝ ազգային կամ հանրային սեփականության և մարդու սահմանադրական իրավունքների մեկտեղումը: Սա մի բնագավառ է, որտեղ փոքրիկ հաղթանակները կարող են ոգևորել նաև այլ խնդիրների լուծման ելքեր գտնելու, իրավական պայքարին ավելի մեծ  թափ ու ծավալներ հաղորդելու համար: <<Ե՞րբ է լցվում ազգի համբերության բաժակը, ե՞րբ է տրորված, ոտնահարված արժանապատվության սահմանը ճեղքվում, դժվար է ասել: Առիթները կարող են լինել շատ տարբեր: Մենք տեսնում ենք, որ կուսակցություններից դուրս տեղի են ունենում շատ ակտիվ ստորգետնյա շարժումներ: Ես դրանք կանվանեի դիմադրության օջախներ>>: Խզմալյանը դիմադրության օջախներ է համարում ոչ միայն բնապահպանական շարժումն, այլև՝ բանակում տեղի ունեցող սպանությունների դեմ բողոքները, հայոց լեզվի պահպանության շարժումը, Ախթալայի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվորների գործադուլները: Դրանցում Խզմալյանը և բնապահպան ակտիվիստները կարևորում են ոչ թե արդյունքը, այլև՝ պայքարելու կամքը և պատրաստակամությունը, իսկ արդյունքներն ավելի հավանական և առարկայական կլինեն երբ շարժումներն ավելի մարդաշատ լինեն ու հեռու քաղաքականությունից: Բայց, պետք է ասել, որ չնայած բնապահպանների այս բողոքներին, ինչպես տեսնում ենք, խնդրով մտահոգ շատ քաղաքացիներ են մասնակցում, այնուամենայնիվ, սա դեռ երաշխիք չէ, որ այլ, հատկապես սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներով բողոքներին կմիանան հասարակության լայն զանգվածներ: Ինչու՞ է քաղաքացիների մեծամասնությունն անտարբեր իր շրջապատի խնդիրների նկատմամբ, նույնիսկ չի պայքարում սեփական տարրական իրավունքների պաշտպանության համար: Բնապահպան երիտասարդներն ունեն իրենց բացատրությունը:  Բայանդուր Պողոսյան. <<Ընդհանրապես մեր հասարակության մեջ տարածված անհուսությունն է ամեն ինչում մեղավոր իմ կարծիքով: Մարդիկ մտածում են, որ ոչինչ չեն կարող անել սրա հետ: Սա մի բան է, որ տեղի է ունենալու անկախ ամեն ինչից ու ոչ ոք ոչ մի բան չի կարող դրա հետ անել: Ու եթե մարդիկ կարողանան այստեղ հաղթանակի հասնել, շատ մեծ հաջողություն կլինի, մարդիկ սկսեն մտածել, որ իրենք կարող են իրենց իրավունքների համար պայքարել և անկախ նրանից, թե ով է իրենց դեմ կանգնած, իրենք կարող են հաղթել>>: Մարիամ Սուխուդյան. <<Անտարբերությունը իրոք հիվանդություն է, նրանք մատը տնկում են, որ սա է մեղավոր, ասում, որ սա երկիր չի, տարածաշրջանն է մեղավոր և ամեն ինչ կասեն իրենցից խնդիրը դուրս հանելու համար: Սա մարդու բնույթն է, ովքեր ալարում են, չեն ուզում շարժվել, դրա համար միշտ խնդիրն ու լուծումը տեսնում են իրենցից դուրս: Սա համատարած է…և ոչ միայն Հայաստանում է…դու պիտի ասես՝ լավ, իսկ ե՞ս ինչ եմ արել, երբ որ ես տեսնում եմ՝ վատ է, սխալ է, կողքդ ինչ-որ բան են ավիրում, բռնաբարում, ես ոչ մի բան չանեմ, դու պիտի փոչձես սկսել ինչ-որ բան անել, մի հատ արա այսօր, երկրորդը, երրորդը, վերջապես շարծումը այդ կայծերից է սկսվում ու մենք տեսնում ենք, որ ինչ-որ արդյուքն ունենք: Ոչ ինչ-որ դպրոց կար ակտիվիզմի, որ մեզ ինչ-որ բան փոխանցեր, մենք ենք սկսողն եղել այդ կայծերի ու չենք կարող չհավատալ: Բայց չես կարող  ուղղակի ապրել, եթե ապրում ես, ուրեմն պետք է պայքարես, դա սովորական բնազդ է, եթե ինչ-որ բան է կատարվում, պիտի սկսես կասեցնել, եթե սխալ բան է: Քո ուժերի ներածի չափով: Հետո մյուսն է սկսում քեզ հավատալ: Հետո մի փոքրիկ հաղթանակ, Թռչկան, Խոսրովի արգելոց, երբ մարդը սկսում է արդեն տեսնել շոշափելի արդյունք, որովհետև շատերին հենց այդ շոշափելին է պետք: Օրինակ ինձ դա չի պետք, այլ միայն այն, որ մարդ պայքարում է, հավատում է, դա շատ ավելի ծանրակշիռ է: Ինձ պետք չէ տեսնել դրա արդյունքը: Ինձ համար դա արդեն իսկ արդյունք է, որ մարդ այդ սևի մեջ կարող է լույսին հավատալ>>: Բայց նույնիսկ տեսնելով նման փոքր հաղթանակները՝ շատերն անիմաստ են համարում կամ չեն համարձակվում պայքարել իրենց դրությունը շտկելու համար: Սրա պատճառները խորքային են և հնարավոր չէ բացատրել մեկ կամ երկու պատճառներով, ամեն ինչ այստեղ փոխկապակցված է, անհրաժեշտ է լսել տարբեր վերլուծություններ, ապա մտածել, թե ո՞րն է չընդվզելու պատճառն անհատապես յուրաքանչյուրիս համար: Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյան. <<Մարդիկ վախենում են իրենց կարծիքը ազատորեն արտահայտել հատկապես փոքր քաղաքներում, գյուղականհամայնքներում: Մեծ քաղաքներում ավելի ազատ են մարդիկ: Չեն հայտնում իրենց կարծիքը՝ մտածելով, թե սոցիալական նպաստս կկտրեն, ինձ աշխատանքից կազատեն, այսինքն, ճնշումների մեխանիզմները բազմազան են ու մարդու վրա կարող են ազդեցություն թողել>>: Սա հանգեցրել է համընդհանուր վախի մթնոլորտի ձևավորման, որն իր հերթին  հույսի ու վստահության ամենամեծ ապականիչն է: Այնուամենայնիվ, հույսի որոշակի փոփոխություն, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն շրջապատում ընդհանուր առմամբ Պետրոսյանը տեսնում է. <<Գյումրիում մի քանի նման օրինակներ կան, որ հասարակական կազմակերպությունների ակտիվության արդյունքում կնոկրետ ասենք հարապարակում այդ 8 եղևնիները մնացին, կամ Արագածի փոսը այդպես էլ չդարձավ շինություն հենց կանաչ տարածքի մեջտեղում, այսինքն դրական տեղաշարժեր կան ու մարդիկ հիմա ավելի շատ են հավատում, որ եթե նման նախաձեռնություն լինի, կմիանան, շատ մարդիկ էլ կան, որ զանգում են, ասում՝ մենք ձեզ հետ ենք, բայց չգանք էլի, չենք գա, բայց գիտեցեք, որ մենք ձեզ հետ ենք: Զգում ես, որ մարդը համ ուզում է, համ վախենում է>>:
Գյումրիի <<Շիրակ>> կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, ով ուսումնասիրում է երկրաշարժի հետևանքով անօթևանության խնդիրը, առավել խոցելի ու դյուրաբեկ  է համարում անօթևաններին, որոնց մեծամասնությունը ծայրահեղ աղքատ են, տարիներ շարունակ կառավարությունը նրանց բնակարանով ապահովելու խոստումներ է տվել, բայց դեռևս 6700 ընտանիք Գյումրիում փաստացի ապրում է ժամանակավոր կացարաններում, մոտ 600 ընտանիք էլ՝ Շիրակի մարզի գյուղերում: Շատերին բնակարանը մերժում են տարբեր պատճառներով, որոնք հիմնականում հենց  պետական ծրագրի ձգձգման հետևանքով են առաջ եկել, մյուս մասին, ոքվեր դեռ հերթագրված չեն բնակարանահերթի ցուցակներում կամ ապրում են փլուզվող բնակարաններում, նույնիսկ կոնկրետ խոստումներ էլ չեն տվել, թե երբ ի վերջո կապրեն մարդավայել պայմաններում: Բայց չնայած այդ ամենին անօթևանները գերադասում են լռել, ովքեր հնարավորություն ունեն լքում են երկիրը, մի մասն էլ գերադասում է գոյությունը պահպանել արտերկրի հարազատի գումարներով: Այդ իրավազուրկ խավը մշտապես շահագործվում և օգտագործվում է իշխանավորների ու օլիգարխների կողմից, հատկապես ընտրությունների ժամանակ, և ամենավատն այն է, որ նրանք հարմարվել են, կամ նրանց հարմարեցրել են այդ կարգավիճակին: Թումասյանը վստահ է, որ աղքատն ակտիվ քաղաքացի չէ, ինքնուրույն չի կարող դուրս գալ պայքարելու սեփական իրավունքների համար: Ինչպե՞ս կարելի է օգնել նման պայմաններում ապրող մարդուն: Վահան Թումասյան. <<Պետք է այդ ակտիվ զանգվածը՝ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ պետք է հանդիպեն այդ աղքատ խավի հետ և փորձեն նրանց ինքնագիտակցությունը բարձրացնեն և նրանց հետ բերեն համայնք, որովհետև մարդիկ մեկուսացել են համայնքի կյանքից, իրենք ապրում են ներփակված, առանձին կյանքով: Համայնքի անդամ իրենց չեն զգում: Եթե մեկը զգում է, որ այս երկրի տերը չէ, երբեք իր իրավունքների համար չի պայքարի>>: Բայց միթե սա արդյունավետ կլինի: Արդյո՞ք քաղաքական կուսակցությունները կամ այլ կազմակերպություններ աղքատին դարձյալ չեն օգտագործի բացառապես սեփական օգուտների համար: Գևորգ Պետրոսյան. <<Միջոցը քաղաքացիական հասարակության զարգացումն է, մարդկանց ակտիվացումն է, և իհարկե, քաղաքացիական հասարակությանը ոգևորելն է անընդհատ դրական, փոքր օրինակներով, փոքր տեղաշարժերով հասնել ավելի մեծ տեղաշարժերի, այսինքն, եթե ուզում ես փոխել աշխարհը, պետք է քեզնից սկսել… Միակ տարբերակը սա է, և ինչ թվում է դրա արդյուքնում կարելի է փոխել իշխանությունների թե որոշումները, թե վերաբերմունքը հասարակության նկատմամբ>>: Գևորգի կարծիքով միայն քաղաքացիական ակտիվությամբ հասարակությունը կկարողանա հակազդել իշխանությանը և հավասարակշռել նրան, իսկ հիմա միայն իշխանությունն է ազդում հասարակության լայն զանգվածների վրա: Բնապահպանները մտադիր են պայքարը տանել միայն օրինական հունով, իրավական դաշտում, խաղաղ հավաքներով, այգում երգելով ու ցուցահանդեսներ անելով և, եթե հաջողվի, դատարանի դահլիճում:
 Այսօրվա քաղաքացին ազատ մտածելու, ազատ գործելու կարիք ունի, նրա ազատությունը սահմանափակված է հատուկ մեխանիզմներով, այսպես կոչված սոցիալական լարվածությունը մեղմելուն ուղղված կարճաժամկետ ու ոչ արդյունավետ միջոցառումներով՝ սոցիալական նպաստներն ու թոշակները փոքր-ինչ բարձրացնելով, զանազան զարդարուն խոստումներով, նաև ընտրակաշառքներով և, իհարկե, արտագաղթելու հնարավորություններ ընձեռելով: Ամենահիմնական իրավունքը, որի համար Մաշտոցի այգում, Թեղուտում և այլ վայրերում պայքարում է քաղաքացիների այդ խումբը, ազատությունն է, ապրելու, ստեղծագործելու ազատ տարածքը, որի բոլորի սեփականությունն է: Դրա իմաստը շատ ավելի խորն է, քան պարզապես բնապահպանական խնդիրը: Դա մարդկային եսապաշտական շահի ու այլասիրության բախումն է, երիտասարդները պայքարում են ոչ միայն իրենց, այլև իրենց նման այլ քաղաքացիների մարդկային իրավունքների համար, ովքեր նրանց չեն վստահում և գերադասում են տանը նստած քննադատել: Ու՞ր կարող են տանել այս քաղաքացիական փոքրիկ ընդվզումները: Բնապահպանները կարևոր են համարում, որ այն քաղաքականությունից հեռու մնա, այլապես կկորցնի իր յուրահատկությունն ու ուժը, բայց և այնպես տարբեր քաղաքական ուժեր, ըստ որոշ կարծիքների, փորձում են իրենց կողմը գրավել այս շարժումը և իրենց համար քաղաքական շահույթ ապահովել: Հետևաբար, կարծում եմ, ինչքան շատ քաղաքացիներ իրենց ակտիվությամբ մասնակցեն այդ շարժումներին, այնքան դժվար կլինի ապականել դրանք և միևնույն ժամանակ այնքան կմեծանա քաղաքացու վստահությունը, որ ինքը կարող է ինչ-որ բան փոխել առանց մոդայիկ քաղաքականության մեքենայություններում թաթախվելու:
 Լևոն Գալստյան







1 комментарий:

  1. Betway Casino – Welcome Bonus of 200 Free Spins
    Betway is one of the best casino-roll.com names when it comes to online goyangfc.com casino in the world. Their poormansguidetocasinogambling.com games are varied, generous, and generous 바카라 사이트 with

    ОтветитьУдалить