Поиск по этому блогу

пятница, 7 октября 2011 г.

Ո՞վ է մեղավոր կոռուպցիայի համար

<<Ձեզանից ով որ անմեղ է, առաջինը թող նա քար գցի դրա վրա>>: Հվհ., 8.7
  Կոռուպցիայի դեմ պետական մակարդակով հայտարարված պայքարը ցույց տալու և սեփական կերպարն ավելի մաքուր ներկայացնելու համար բարձրագույն իշխանությունը Հայաստանում, և համոզված եմ, շատ այլ երկրներում, կարիք ունի ժամանակ առ ժամանակ քավության նոխազներ գտնել և հրապարակայնորեն դատապարտել նրանց հանցանքը, ինչպես հնում վարվում էին հրեաները և մորթում անմեղ կենդանիներին: Մարդկանց դեպքում թեև քավության նոխազներն իրոք վարժ կաշառակերներ են, բայց՝ ավելի մաքուր քան իրենց դատապարտողները, նույնիսկ՝ անմեղ: Դա է պատճառը, որ երբ դատապարտվում են, վստահ են, թե իրենց հետ հասարակությունն անարդար է վարվել, որ իրենք զոհ են գնացել պետական անգութ մամլիչին, որը ծառայում է ոչ թե ընդհանուրի շահերին, այլ՝ մի խումբ պատեհապաշտների: Նոխազի կարգավիճակում ժամանակ առ ժամանակ, հատկապես երբ անհրաժեշտ է <<մեղմել սոցիալական լարվածությունը>>, ինչպես սիրում են ասել արդարադատության նեմեսիսի <<հավատարիմ>> ստրուկները, հայտնվում են կաշառակեր դասախոսներ, իրավապահներ, դպրոցների տնօրեններ, հազվադեպ՝ նաև <<մեծ ձկներ>>. օրինակ, վերջերս աշխատանքից ազատվեց ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետը, ում դեմ քրեական գործ էր հարուցվել պետության կողմից հատկացված բենզինի խոշոր չափերով յուրացման համար (փոքր չափերով յուրացնելու դեպքում գուցե և խուսափեր բացահայտումից, ինչպես շատ շատերն իր կոլլեգաներից): Բայց նման դեպքերում, սովորաբար, <<ժամանակակից>> Թեմիսն[1] առաջնորդվում է ոչ թե արդարության սկզբունքներով,  այլ՝ դարձյալ կոռուպցիայով. բյուրոկրատական աստիճանակարգության բարձունքներում քաջատեղյակ են իրենց հովանավորյալների <<չարաճճիություններից>> և իրենք էլ օգտվում են պետական գանձարանից հափշտակված կամ որպես կաշառք վերցված գումարներից, իրենց հովանավորյալներին քավության նոխազ են դարձնում թիմային կամ կուսակցական ինտրիգների ազդեցությամբ և մեկ ուրիշի հանցանքը հովանավորելով, ինչպես շախմատում զոհ են տալիս ավանգարդում կանգնած զինվորներին: Իսկ զոհերի բողոքն այն մասին, թե իրենք ծառայել են հավատարիմ և անմռունչ, դառնում է պարզապես գառան մայուն, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
  Կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով[2] Հայաստանի նման անցումային տնտեսությամբ երկրներում կառավարման յուրօրինակ մեխանիզմ է, պետական գումարների հափշտակումից սկսած մինչև դատավորներին ու դասախոսներին վճարվող կաշառքները ծառայում են ընտրազանգված գնելու, և իշխանությունը պահելու, բյուրոկարտական համակարգը հեշտ կառավարելի դարձնելու նպատակին: <<Թողնում եմ կաշառք վերցնես, որ դու էլ ապրես, ես էլ, մեր ղեկավարն էլ մեզանից գոհ լինի>> սկզբունքին անհամաձայն որևէ մեկը տեղ չունի պետական հիմնարկների առանցքային պաշտոններում: Հայաստանում այս <<մշակույթն>> աստիճանաբար մենաշնորհայնացվում է պետական ապարատի վերին աստիճաններում՝ քավության նոխազներին ավելի հեշտ գտնելու, ըստ այդմ միջազգային կառույցներին գեղեցիկ անակնկալներ մատուցելու և համակարգը խիստ կենտրոնացնելու նկատառումներով: Կոռուպցիան, այսպիսով դառնում է <<էլիտար>> երևույթ, գործում է կուլիսային փոխհամաձայնության մեխանիզմ, որով հիերարխիայի վերին աստիճաններում կառավարողները <<ընտրյալների խումբ>> են ձևավորում և պայքարում այլ խմբերի դեմ կոռուպցայի բազմապիսի զենքերով. <<ընտրյալ>> գործարարները կաշառք են տալիս կամ օգտվելով <<բարձրյալների>> հովանավորությունից օրինաստեղծ մարմիններում ազդում են օրենքների ստեղծման գործընթացին և դրանք ծառայեցնում իրենց շահերին՝ խոստանալով ծառայություններ մատուցել <<բարձրյալներին>>: Այդ օրենքները հիմնականում վերաբերում են հատկապես բիզնեսի համար հողհատկացումներին, հարկային և մաքսային քաղաքականությանը, կրթությանը և այլն: Երբ ազդեցիկ գործարարներն օգտագործում են իրենց լծակները կամ ուղղակի կաշառքը օրենքների գործադրությունից խուսափելու համար, և հարկերի փոխարեն <<անհրաժեշտ>> մարդկանց հարկեր են վճարում կաշառքի ձևով, ըստ այդմ պարտավորվում են ամեն ինչ անել, որպեսզի պաշտոններում լինեն հենց այդ մարդիկ: Կոռուպցիան մարդկանց միմյանց կապող ամենաամուր կապն է, իսկ տիկնիկավարի անկումը կարող է նշանակել ամբողջ համակարգի փլուզում՝ ճակատագրական հետևանքներով, որովհետև համակարգի հնարավոր փլուզողները նախանձախնդիր են նրանց առավելագույն դատապարտմանը՝ վասն իրենց ապահովագրման և նոր, ավելի ուժեղ կոռումպացված համակարգի ստեղծմանը, եթե իհարկե վերջիններս նույն համակարգի ծնունդ են և նույն մտածողության կրող: Ոչ միայն կառավարական շրջանակներում, այլև ողջ հասարակության մեջ գերիշխում է կլանային կամ խմբային մտածողությունն ու վարքը, որն առաջնորդվում է կոմունիստական բյուրոկրատիայի և հանցագործ աշխարհի կամ <<блат, blat >>[3]-ի միախառնված սկզբունքներով:  блат-ն արմատավորված է հետխորհրդային բոլոր երկրներում և ունի միանման հետևանքներ. այն գերիշխում է հասարակության անկիրթ խավերում, գրավում երիտասարդներին, ովքեր դրա սկզբունքներն ընդունում են որպես հաջողության հասնելու հիմնական երաշխիք: Ճիշտ է, այդ սկզբունքների հետևորդներն այլևս <<բլատնոյ> չեն կոչվում, բայց ձեռագիրն ու մտածողությունը նույնն է: Լայն կապեր ունեցող և օրենքը շրջանցող մարդը մեծ հարգանք է վայելում և սովորեցնում, որ հովանավորչությունը կամ նեպոտիզմը ուժի արտահայտություն է, ըստ այդմ, պախարակվում են այն անձինք, ովքեր դեմ են այդ սկզբունքներին: Վերջիններս ընդունվում են որպես հիմարներ կամ միամիտներ, նույնիսկ ընտանիքի կամ ընկերության դավաճաններ: Նույն տրամաբանությամբ արդար մարդիկ տեղ չունեն կոռումպացված համակարգում. նրանք ստիպված են բռնել արտագաղթի ճամփան, կամ հույսը դնել ամբոխներ կառավարող ընդդիմադիր դիրք բռնած նախկին քաղաքական գործիչների վրա, որոնք նույն կառուպցիոն համակարգի ճարտարապետներից  են, բայց խոստանում են այսուհետ լինել անաչառ և արմատապես փոփոխել կառավարման համակարգը: Այդ խմբին վստահելը փոփոխությունների սպասող զանգվածների համար առաջնային կարևորություն, ըստ էության չունի, նրանց <<հիշողությունը շատ կարճ է>>, պատրաստ են մոռանալ անգամ սեփական աչքով տեսած դաժան տարիները, միայն թե լինի փոփոխություն: Բայց блат-ի վրա հիմնված մտածողությունը հասարակության լայն շերտերի մեջ փոխված չէ, հետևաբար փոփոխությունը կարող է լինել միայն մակերեսային՝ մեկ պաշտոնյային կփոխարինի մյուսը, մեկ-երկուսը կլինեն համեմատաբար չկոռումպացված գործիչներ, բայց կոռուպցիան կարող է շատ արագ դուրս մղել նրանց արենայից, ինչպես շատերին, որոնց մասին մոռացել է ժողովուրդը: Անհրաժեշտ է փոխել արժեքային համակարգը. блат-ի սկզբունքներով մտածող նկարիչը չի կարող ստեղծել այլ բան քան блат-ի իդեալական կերպարներ: Սա է պատճառը, որ կառավարման համակարգը Հայաստանում և հետխորհրդային շատ այլ երկրներում դառնում է էլ ավելի կոռումպացված:
 Transparency Internetional  հեղինակավոր միջազգային հասարակական կազմակերպությունն ամեն տարի հրատարակում է <<Corruption Perceptions Index>> փաստաթուղթը, որտեղ արտացոլված են տարբեր երկրներում կոռումպացվածության մակարդակի վերաբերյալ հետազոտությունների տվյալները: Ըստ այդմ, Հայաստանը 2010թ. 178 երկրների մեջ գրավում է 123-րդ տեղը և այն երկների շարքում է, որտեղ տարեց տարի ցուցանիշն իջնում է, այսինքն՝ վիճակն ավելի է վատթարանում: Հայաստանն այնպիսի կոռումպացված երկրների շարքում է, ինչպիսիք են Մոզամբիկը, Տանզանիան, Բելառուսը և այլն: Ադրբեջանի ցուցանիշն ավելի ցածր է, ինչպես ԱՊՀ մյուս երկրներում, իսկ Վրաստանը 68-րդն է և մոտ Արևելյան Եվրոպային երկրների, Հունաստանի, Իտալիայի ցուցանիշերին: Ըստ Համաշխարհային Բանկի ուսումնասիրությունների, Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում և մի քանի այլ երկներում, ՀՆԱ-ի աճին զուգահեռ ավելացել են նաև կաշառքի չափերն ու հաճախականությունը, մեկ այլ նպաստող գործոն է նաև գնաճը:
 Երբ կոռուպցիայի և դեմոկրատական արժեքների բացակայության պատճառով հայկական գյուղերը զրկվում են Հազարամյակի Մարտահրավերներ ծրագրի ֆինանսավորմամբ զարգանալու հնարավորությունից, դա նշանակում է, որ կոռումպացված չինովնիկը ուղղակի մտնում է գյուղացու գրպանը, զրկում նրան ապրելու տարրական պայմաններից: Նախ՝2009թ. դադարեցվեց գյուղական ճանապարհների նորոգման ֆինանսավորումը, որով նախատեսվում էր նորոգել շուրջ 350 կմ ճանապարհահատված, 2011թ. սեպտեմբերին ծրագիրն ավարտվեց և Հայաստանը զրկվեց կորպորացիային նորից դիմելու հնարավորությունից: Նույնկերպ և նույն պատճառով Հայաստանի տնտեսությունը զրկվում է այլազգի գործարարների ներդրումներից, շուկան դառնում էլ ավելի մենատիրական ու փակ նոր բիզնես սկսելու համար: Կոռուպցիան և հովանավորչությունը գլխատում են փոքր և միջին բիզնեսը, որը զարգացած երկրներում ապահովում է ՀՆԱ-ի կեսից ավելին և տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժն է: Կոռուպցիայի հետևանքով տարեց տարի աճում է երկրի արտաքին պարտքը (այն կազմում է ՀՆԱ-յի 40 տոկոսից ավելի, ըստ պաշտոնական տվյալների), տնտեսությունն ընկնում կախվածության մեջ օտարերկրյա վարկերից և հետևաբար նաև՝ վարկ տվող պետություններից  ու կառույցներից,  որոնք ներդրումների չեն վերածվում:
 Քանի դեռ կոռուպցիան որպես խնդիրների լուծման հեշտ միջոց քողարկված հովանավորվում է ժողովրդի լայն զանգվածների կողմից, և քանի դեռ դեմոկրատական կեղծ արժեքներ քարոզողները կսովորեցնեն, որ <<ժողովուրդը միշտ ճիշտ է>>, այնքան ժամանակ կոռուպցիան երկրում ծաղկելու, իսկ տնտեսությունն ու հոգևոր արժեքները հետընթացի ուղի բռնելու պատճառ կունենան:
 Լևոն Գալստյան
 



[1] Թեմիսը հին հունական դիցարանում արդարադատության, կարգուկանոնի աստվածությունն էր:
[2] Կաշառք, հովանավորչություն, նեպոտիզմ(ծանոթին կամ թիմակցին պաշտոնի նշանակելը՝առանց հաշվի առնելու նրա մասնագիտական կարողությունները), էքստորցիա(քրեական հանցանք, որով ստիպում են մեկին զիջել սեփականությունը, կամ պաշտոնը), կլեպտոկրատիա(գողերի իշխանություն) կամ քաղաքական կոռուպցիա(կառավարությունն օգտագործում է իր օրինական լծակներն ապօրինի շահույթ ստանալու նպատակով):

[3] Այս արտահայտությունը, ըստ ուսումնասիրողների, լեհական ծագում ունի և նշանակում է <<մեկը, ով ապահովում է անձրևանոցով կամ տանիքով>>: Խորհրդային տարիներին, ռուսերենով այն օգտագործվում էր բացատրելու համար ոչ պաշտոնական համաձայնությունները, կապերը, կաշառքը և ազդելու այլ միջոցներ, որոնցով ինչ-որ մեկը կարողանում էր խնդիրներ լուծել իր և ուրիշների համար: