Поиск по этому блогу

пятница, 14 октября 2011 г.

Հակակոռուպցիոն քաղաքականության վրացական մոդելը

  Transparency International միջազգային կազմակերպության վերլուծություններով, Վրաստանում կոռուպցիայի մակարդակի ցուցանիշը ամենացածրն է հետխորհրդային տարածքի բոլոր մյուս պետությունների ցուցանիշերից, ավելին, Վրաստանում այդ ցուցանիշը 2003թ. հեղաշրջումից հետո տարեց տարի նվազել է, իսկ հարևան մյուս պետություններում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և այլուր դրությունն ավելի է վատացել[1]: Մինչդեռ Վրաստանում խորհրդային ռեժիմի  կազմաքանդումից հետո կոռուպցիան ավելի խորն էր արմատացել և ավելի սանձարձակ էր, քան հարևան պետություններում: Ամենաթողության պայմաններում  խորացող կոռուպցիայի հետևանքով վրաց իրավապահ մարմինները քայքայվեցին ներսից, որիվ օգտվելով՝ երկրում սնկերի նման սկսեցին ձևավորվել հանցագործ խմբավորումներ, որոնք զինված էին և որոշ դեպքերում հովանավորվում էին հանցավոր գործարքներում ներքաշված պետական պաշտոնյաների կողմից: Ռուսաստանի բանտերից վերադարձած հանցագործները հեղեղել էին երկիրը, նրանցից  ազդեցիկները՝ այսպես կոչված <<օրենքով գողերը>> ձեռք բերեցին երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդելու ուժեղ լծակներ՝ օգտագործելով կոռուպցիայի բոլոր միջոցները: Այդ խմբավորումները ներգրավվեցին ազգային անվտանգության ուժերում, դարձան նախարարներ[2]: Նույն ուժերը կապեր ունեին հետխորհրդային մյուս երկրների հանցագործ խմբերի հետ, որոնք ևս իրենց երկրներում ակտիվ ներգրավված էին պետական կառավարման և գործարար ոլորտներում՝ վճռորոշ դեր խաղալով կոռուպցիոն հարաբերությունների արմատավորման մեջ: Բայց եթե նախկին խորհրդային մյուս երկրներում այդ հարաբերություններն ու անձինք մինչ օրս շարունակում են հասարակություններ կազմաքանդել, Վրաստանում քաղաքական նոր վարչակարգը կարողացավ  հանցագործ տարրերին բավական արդյունավետ մեկուսացնել  պետական կառավարումից և զրկել տնտեսական  լծակներից: Ինչպես՞: Միլխեիլ Սահակաշվիլին իր առջև խնդիր դրեց ամբողջովին ազատվել կոմունիստական անցյալի ամենաբացասական ժառանգությունից՝ կոռուպցիայից, որն ավելի քան կենսունակ էր հասարակական բոլոր կառույցներում: 2004թ.-ից արմատական բարեփոխումներ սկսվեցին իրավապահ մարմիններում: Ներքին Գործերի Նախարարության աշխատակիցների թիվը 40000-ից նվազեցվեց 17000-ի, ոստիկանների մոտ կեսն աշխատանքից ազատվեց: Ոստիկանների, ինչպես նաև հասարակական սեկտորի աշխատողների, աշխատավարձերը զգալի բարձրացվեցին՝ մոտ 15 անգամ: Ոստիկանների նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը էականորեն փոխվեց, կաշառակերությունը կտրուկ նվազեց, ժողովրդին հնարավորություն տրվեց վերահսկել ոստիկաններին և զանցանքների մասին տեղյակ պահել բարձրագույն ատյաններին: Վրացի ոստիկանի կերպարը արմատապես տարբերվում է հարևան երկրների ոստիկանի կերպարից, թեև երկուսն էլ կոմունիստական և խորապես կոռումպացված անցյալն ընդհանուր է: Ոչ միայն վրացիներից, այլև Վրաստանի ծովափնյա շրջաններում ամառային հանգիստն անցկացնող հայերից բազմիցս կարելի է լսել հիացական կարծիքներ վրացի ոստիկանի մասին. օրինակ՝ վրացի ոստիկանը ոչ թե առիթ է փնտրում քաղաքացուց կաշառք պոկելու համար, այլ հետևում է օրենքի տառին և շատ բարեհամբույր է: Իհարկե, չի կարելի ասել, որ կաշառակեր ոստիկաններ չկան, բայց դրանք մեծամասնություն չեն: Ոստիկանական համակարգը Վրաստանում վերակազմավորվեց հյուսիսամերիկյան մոդելով, ֆինանսավորմամբ և մասնագետներով: Առանց այդ առանցքային քայլերի, անհնար կլիներ նոր արժեքների արդյունավետ ներդրումն ու սոցիալ-տնտեսական արագ զարգացումը, ինչին թաքնված նախանձով ականատես են լինում խորհրդային ժառանգության կնիքով և պրոռուսական քաղաքականությամբ շարժվող հարևան երկրների քաղաքական ղեկավարները: Ինչքան էլ ռուսական պետական PR-ը փորձի սևացնել վրացական կառավարման մոդելը և ծաղրի Սահակաշվիլիին (որպես պայքար ամերիկայն ազդեցության դեմ), և ինչքան էլ հետխորհրդային հասարակության լայն զանգվածները տուրք տան ինքնախաբեությանը, սրտի խորքում նախանձում են վրաց ժողովրդին ամեն ագնամ, երբ իմանում են որևէ կաշառակեր վրաց պաշտոնյայի աշխատանքից ազատման կամ դատապարտման մասին: Ըստ Վրաստանի Արդարադատության Նախարարության տվյալների, 2003-2010թթ. Վրաստանում կոռուպցիայի մեջ մեղադրվել է մոտ 1000 պաշտոնյա, որից 6-ը խորհրդարանի անդամներ էին, 15-ը նախարարներ, 31-ը՝ քաղաքային խորհուրդների պաշտոնյաներ: Այդ բացահայտումներն իհարկե վրացիների կողմից միանշանակ չեն ընդունվում. միշտ լինում է մի խումբ, հաճախ ձերբակալվածների հետ կապեր ունեցող, որը կոռուպցայի մեղադրանքը համարում է քաղաքական հաշվեհարադարի չարդարացված միջոց և հայտարարում, որ մեղադրողներն իրենք էլ կոռուպցիայի մեջ թաթախված են: Բայց, նույնիսկ եթե այդ պնդումները ճիշտ են[3], նման հաճախականությամբ բացահայտումներն արդեն իսկ ստիպում են պաշտոնյաներին զգուշանալ, իսկ քաղաքացիներին՝ խուսափել կաշառք առաջարկելուց: Հասարակության հետ շփվող կառույցներում կաշառակերության մակարդակը հասցված է նվազագույնի. 2010թ. Caucasus Research Resource Center կազմակերպության հետազոտության համաձայն, վրացիների միայն 12.5 տոկոսն է նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում կաշառք է տվել: Բնակչության մեծ մասը փաստում է, որ կաշառակերության հետ այլևս քիչ է առնչվում:
 Կոռուպցիայի վերացումը Սահակաշվիլիի վարչակարգի համար բիզնես ոլորտում օտարերկրյա ներդրումները խթանելու առաջնային նախապայմանն է: Ներդրումների համար վստահելի դաշտ ստեղծելու նպատակով լայն ռեֆորմներ ձեռնարկվեցին իրավական դաշտում, պարզեցվեցին բիզնեսի համար լիցենզիա ստանալու, սեփականության գրանցման, հարկեր ու մաքսեր վճարելու մեխանիզմները, որոնք նախկինում միտումնավոր բարդացված էին կաշառքներ վերցնելու համար: Հարկատեսակները 21-ից հասցվեցին 6-ի, կրճատվեց նաև տարբեր տեսակի գործունեության համար պահանջվող փաստաթղթերի քանակը(մոտ 900-ից 800-ը վերացվեցին), մաքսայի ներմուծումների համար սահմանվեց <<մեկ պատուհանի>> սկզբունքը[4], որը զգալի հեշտացրեց գործընթացը, ներմուծվող շատ ապրանքատեսակների համար մաքսը վերացվեց: 2004թ. հարկային նոր կոդեքսի ընդունումից և հարկերը նվազեցնելուց հետո պետական տարեկան եկամուտները մոտ կես միլիարդ դոլարից երեք տարում հասցվեցին 1.7 մլրդ դոլարի: Շատ գործարարներ, իշխանության ճնշմամբ, ստիպված եղան պետությանը <<նվիրել>> իրենց ունեցվածքը (ռեստորաններ, խանութներ և այլն), քանի որ, ինչպես ձևակերպված էր պետական մեղադրանքում, ունեցվածքի համար թույլտվությունը ձեռք էին բերել ապօրինի թույլտվությամբ: Իրավապահներին ու պետական պաշտոնյաներին անկաշառ պահելու համար Սահակաշվիլին սկսեց երկիրը մաքրել ազդեցիկ հանցագործներից, որոնցից շատերը ապաստանեցին Ռուսաստանում, որտեղ հանցագործության համար ավելի պարարտ հող կա: Եվրոպայի Վերակառուցման և Զարգացման բանկի (բանկը վարկեր է տրամադրում Վրաստանում բիզնեսի զարգացման համար) ուսումնասիրությունների տվյալներով, Վրաստանում գործող մասնավոր ընկերությունների մոտ 15 տոկոսն է խոստովանել, որ փաստաթղթային խնդիրներ լուծելու համար կաշառք է տվել պետական կառույցներում (Ռուսաստանում՝ 40 տոկոսը, Ուկրաինայում՝ 31): 2010թ. Համաշխարհային Բանկը Վրաստանը հայտարարեց <<համար առաջին ռեֆորմիստ >>բիզնես ոլորտում:
  Ի նկատի ունենալով այն, որ Վրաստանը շահութաբեր բնական ռեսուրսներով հարուստ չէ, արտահանման ծավալներն էլ, ըստ Geostat-ի, մոտ 4 անգամ գերազանցում են ներմուծման ծավալները(ինչպես Հայաստանում, ի դեպ), վրացական տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժը բիզնեսում տեղական և հատկապես օտարերկրյա ներդրումների ծավալի աճն է, որը եզակի է հետխորհրդային տարածաշրջանում: 2003թ. օտարերկրյա ներդրումների ծավալը  Վրաստանում 340մլն. դոլար էր, իսկ 5 տարի հետո դարձավ 1.56 մլրդ դոլար: 2008թ. օգոստոսին Ռուսաստանի հետ կարճատև պատերազմի հետևանքով, ներդրումները կրճատվեցին մոտ 3 անգամ, բայց 2010թ. նորից ավելացան, իսկ 2011թ. նախատեսվում է դրանք հասցնել մինչև 1մլրդ, հիմնականում հիդրոէլէկտրաէներգիայի արտադրության և տուրիզմի զարգացման հաշվին: Օտարերկրյա ներդրումների ծավալը կազմում է ՀՆԱ-յի 50 տոկոսից ավելին (Հայաստանում այն ՀՆԱ-յի մոտ 20 տոկոսն է, Ռուսաստանում՝ 25 տոկոսը): Ներդրումները կատարվում են հիմնականում հումքային վերամշակության, տրանսպորտի և կոմունիկացիաների, տուրիզմի  և անշարժ գույքի ոլորտներում: Գաղտնիք չէ, որ հատկապես անշարժ գույքի շուկայում ներդրողների շարքում են նաև հայ գործարարները(նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները), ովքեր, հավանաբար, վրացական հողում բիզնես դնելը ավելի հեռանկարային են համարում, պաշտպանված հովանավորչությունից: Նույն նկատառումներով հայերը գերադասում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում, որտեղ շատ ավելի մատչելի է, ծառայություն մատուցողներն՝ ավելի բարեհամբույր: 2010թ. Վրաստանի ծովափնյա քաղաքներն հյուրընկալել են շուրջ 2մլն. մարդ՝ հիմնականում հետխորհրդային տարածքի երկրներից, և այդ թիվն ավելանալու  տենդենց ունի: Վրացական իշխանությունները նախատեսում են պայմաններ ստեղծել նաև ձմեռային հանգստի անցկացման համար՝ օտարերկրյա ներդրումների (օրինակ՝ Իսրայելի) օգնությամբ: Այս ամենը հնարավոր չէր լինի ներքին շուկայում կոռուպցիոն երևույթների գերակայության դեպքում: Վրաստանի ՀՆԱ-ն ներդրումների շնորհիվ տարեկան աճում է 5-10 տոկոսով, 2010թ. աճել է 6.4 տոկոսով[5] :
 Այս ռեֆորմներով հանդերձ, Վրաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու հասարակության մեջ արմատացած բացասական արժեքների վերափոխման և կոռուպցիայի վերացման ուղղությամբ, ինչը բավական բարդ է՝ հաշվի առնելով հետխորհրդային ժառանգության դեռևս կենսունակ ազդեցությունը, որից փորձում է օգտվել Ռուսաստանը՝ ներսից  խարխլելով նոր ձևավորվող արևմտյան մոդելի հասարակարգը, ինչպես դա հաջողվեց անել Ուկրաինայի պարագայում: Ուկրաինային չհաջողվեց նարնջագույն հեղափոխությունից հետո կառուցել հասարակության և տնտեսության զարգացման այլընտրանքային, իմա՝ ոչ պրոռուսական, մոդել, երկիրը կարճաժամկետ բարեփոխումներից հետո որդեգրեց ավտորիտար  կառավարման նույն մեթոդներն, ինչ հետխորհրդային տարածքի երկրների մեծամասնությունը. Ուկրաինան ընթանում է հակահեղափոխական ճանապարհով՝  ավելի ամուր փարվելով կոռուպցիային: Շատերը, կարծում եմ, կհամաձայնվեն, որ Հայաստանի դրությունը շատ չի տարբերվում Ուկրաինայից: 
Լևոն Գալստյան 


[1] Corruption Perceptions Index-ի տվյալներով, Վրաստանը ուսումնասիրված 178 երկրների շարքում գրավում է 68-րդ տեղը, Հայաստանը՝123-րդ, Ադրբեջանը՝ 134-րդ, Բելառուսը՝127-դ տեղը և այլն:
[2] Օրինակ, Շեվարնաձեի հրամանով, Մխեդրիոնի անվամբ հայտնի հանցագործ խմբավորման անդամ Թեմուր Խաչիշվիլին նշանակվեց Ներքին Գործերի Նախարար (Տես՝ Gavin Slade, The State on the Streets: the Changing Landscape of Policing in Georgia):
[3] Ըստ որոշ ուսումնասիրությունների(տես՝Caucasus Analytical Digest, No.26), կոռուպցիան Վրաստանում կենսունակ է հիմնականում բարձրագույն իշխանության նեղ շրջանակներում, որոնք կոռուպցիան օգտագործում են այլ խմբավորումների դեմ ինտրիգներ հյուսելու, սեփական իշխանությունը պահելու, բիզնեսում հենարաններ ունենալու նպատակով: Սրա բացասական հետևանքերը հասարակությունը գրեթե չի զգում, կամ չի զգում այնպես, ինչպես, ասենք, Հայաստանում, կամ Ադրբեջանում:
[4] Այս սկզբունքը փորձ է արվում ներդնել նաև Հայաստանում, բայց առայժմ՝ անարդյունավետ: Մեկ օրինակ. Հայաստան-Վրաստան սահմանը հատելիս, հայկական անցակետում փաստաթղթերի ստուգման համար թե հայերը և թե վրացիները ստիպված են կրկնակի անգամ ավելի շատ ժամանակ ծախսել, քան՝ վրացական անցակետում:

[5] Հայաստանում ՀՆԱ-ն 2010թ, աճել է 2.1 տոկոսով: Վիճակագրական պաշտոնական տվյալները փաստում են, որ ՀՆԱ-յի աճը Հայաստանում 2000թ.-ից աստիճանաբար անկում է ապրել, ինչպես կոռուպցիայի վատ ցուցանիշերով այլ երկրներում, իսկ Վրաստանում՝ հակառակը: