Поиск по этому блогу

пятница, 21 октября 2011 г.

Վարակիչ խաղ

“Competition brings out the best in products and the worst in people”. David Sarnoff
 Հայաստանում Monopoly խաղը տարածվեց 1990-ականների սկզբին, խորհրդային տնտեսության փլուզման տարիներին, երբ արժեքային համակարգը գլխիվայր շուռ եկավ: Monopoly-ն, ինչպես ոչ մի այլ խաղ, լավագույնս համապատասխանում էր նոր արժեքների կարիք ունեցող, երկաթե վարագույրներից ազատված հասարակության պահանջներին. կապիտալիզմը սկսեց իր հաղթական մուտքը դեպի հետխորհրդային տարածք՝ ոսկու փայլով շլացնելով տոտալիտար ռեժիմը թոթափած և սեփական ամբիցիաների սանձերն արձակած <<նոր սերնդի>> համար: Հիշում եմ, ինչպիսի հետաքրքությամբ և բավականությամբ էին ինձ շրջապատող խաղամոլ երիտասարդները յուրացնում մրցակցի ունեցվածքը՝ ավելի ու ավելի հզոր դիրք ձեռբերելով խաղի շուկայում. նրանք յուրացնում էին կապիտալիստական մրցակցության այբուբենը, որն  այլևս <<բուրժուական>> կամ <<անբարոյական>> չէր պիտակվում, այդպես ապրելն արդեն թույլատրված էր և նույնիսկ՝ անհրաժեշտ:
  Մոնոպոլիան հիմա ավելի մեծ տեղ ունի մեր կյանքում, քան կարող ենք պատկերացնել, մենք բոլորս այդ խաղի ակամա մասնակիցներն ենք,  գիտակցում ենք, երբ կորցնում ենք ինչ-որ բան՝ սեփականություն, հողատարածք, բիզնես, գումարներ, երբ առևտուր ենք անում շուկայում, կամ երբ էմիգրանտ հարազատն արտերկրից <<հումանիտար օգնություն>> է ուղարկում <<վստահելի>> բանկերի միջոցով, և, ամենակարևորը, երբ կորցնում ենք ազատությունը՝ լայն իմաստով՝ տնտեսական, սոցիալական և հոգևոր: Մենք ներքաշված ենք որակապես այլ բնույթի մրցակցության մեջ, որտեղ պարտվողը կլանվում է կամ արտագաղթում: Կոմունիստական ոգով դաստիարակված մեկի բանի չէ այս խաղը, իսկ այդ ոգին դեռևս կրում է հասարակության մեծ մասը՝ զրկված հակամոնոպոլիստական իմունիտետից. մարդկային լայն զանգվածների հիմնական գործն, ըստ էության, հարկադրաբար մոնոպոլիա խաղալ սովորելն է, և ոչ թե՝ բարեխիղճ կամ հանուն ընդհանուր բարօրության մրցակցությունը: Ազատ մրցակցությունը, որպես տնտեսական զարգացման նախապայման,  մնացել է ռուսսոյականության, մերձավորի հանդեպ սիրո նման գաղափարների շարքում: Տնտեսագիտական ուսումնասիրությունների փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում պաշտոնապես մոնոպոլիայի դեմ հայտարարված պայքարը հաճախ ավարտվել է նոր մոնոպոլիաների, օլիգոպոլիաների  ձևավորմամբ կամ ազատ մրցակցության սահմանափակմամբ[1]: Պատճառը ոչ այնքան բնական մրցակցության հետևանքով մոնոպոլիաների   առաջացումն է շուկայում, մոնոպոլիայի պետական հովանավորչությունը, որը գործնականում միախառնված է կոռուպցիայի հետ: Տնտեսագիտության մեջ մոնոպոլիաների այս տեսակավորումը հստակ է, և դա է պատճառը, որ մոնոպոլիան կամ գերիշխող դիրքը շուկայում, որպես այդպիսին, չի համարվում բացասական երևույթ, բացասական է և տնտեսության համար կործանարար գերիշխող դիրքի չարաշահումը՝ գների կամայական սահմանումը, հակամրցակցային կամ կարտելային համաձայնությունները, շուկայի մուտքի սահմանափակումը այլ սուբյեկտների համար և դրանցից բխող այլ երևույթներ: Ինչպես Ստիգլերն է վերլուծում, տեղի է ունենում ոչ միայն հարստության պարզ տեղափոխություն հասարակության մի խմբից մյուսին, այլ մոնոպոլիան հարվածում է ընդհանուրի բարեկեցությանը[2], տնտեսությունը  զրկվում է զարգանալու պոտենցիալից: Երբ մոնոպոլիստն իր արտադրած կամ ներմուծած ապրանքը վաճառում է այսպես կոչված մոնոպոլիստական գնով, որը  չհիմնավորված կերպով ավելին է ապրանքի իրական արժեքի և մրցակցային եկամտի հանրագումարից, նա ստանում է մոնոպոլիստական շահույթ, տնտեսագետների լեզվով՝ <<տնտեսական ռենտա>>, որը մոնոլոպոլիստը խլում է սպառողներից:  Մոնոպոլիստին ձեռնտու է վաճառել քիչ ապրանք՝ բարձր գներով,  իսկ սպառողը ստիպված է ապրանքը գնել առաջարկվող գներով, քանի որ այլընտրանք չունի, ցածր գնողունակության պատճառով սպառումը կրճատվում է, հետևաբար՝ մոնոպոլիստն էլ քիչ է արտադրում, քիչ ներդրումներ է անում: Այս ամենը բացասական են անդրադառնում ՀՆԱ-յի աճին, կամ գրանցվում է հետընթաց:
 Շուկայում մրցակիցներ հայտնվելու դեպքում, ապրանքը կվաճառվի ցածր գնով և մոնոպոլիստը կզրկվի ոչ միայն հավելյալ շահույթից, այլև՝ շուկայից: Այստեղից էլ՝ կարտելային համաձայնություններն ու համակենտրոնացումը, որպես տրամաբանական հետևանք: Համակենտրոնացումը շուկայում արտահայտվում է գործող սուբյեկտների միացմամբ, միաձուլմամբ, կամ մեկի կողմից մյուսի ակտիվների ձեռքբերմամբ[3]: Գործող սուբյեկտների կենտրոնացումն ավելի կառավարելի է դարձնում ռեսուրսների շրջանառությունը և շուկան: Սկսնակ կամ օտար ներդրողների համար, եթե նրանք, օլիգոպոլ թիմից չեն, շուկա մտնելու համար ստեղծվում են խոչընդոտներ պետական կառույցների կողմից կողմնապահությամբ տրամադրվող լիցենզիաների ու պատենտների, ապրանքների գնման ու վաճառքի ձեռնտու գների շուրջ ձեռքբերվող համաձայնությունների, տեռորի և բազմաթիվ այլ ապօրինի միջոցներով: Կարտելային համաձայնություններ ունեցող սուբյեկտների միջև առողջ մրցակցություն չկա, նրանք պայմանավորվում են համագործակցել ընդդեմ նորեկների և ռեսուրսների տնօրինման: Բիզնեսի ծավալով ավելի  մեծ և հեղինակավոր սուբյեկտը սահմանում է վաճառքի իր ուզած գինը, իսկ միևնույն ապրանքատեսակի շուկայում գործող մյուս սուբյեկտները հետևում են նրան: Այս <<օրենքը >> գործում է անգամ շուկայի ամենացածր օղակներում՝ սկսած բանջարեղենի վերավաճառողներից մինչև խանութպաններ: Ընդ որում, գները չափազանց փոփոխական են և <<հարմարեցված>> տեղական գնողունակ պահանջարկին: Օրինակ, վիճակագրական տվյալներով, 2011թ. հունվար սեպտեմբեր ամիսներին, Գյումրիում սպառողական ապրանքների գնաճը կազմել է 8.4 տոկոս, Վանաձորում՝ 9.3, Երևանում՝8.2 և այլն[4]: Պարենային ապրանքներն անցած տարվա համեմատ թանկացել են 14-16 տոկոսով: Հայտնի բան է, որ առաջնային անհրաժեշտության պարենային ապրաքների գներն ամենարագն են փոփոխվում, որովհետև դրանք ամենաբարձր կենտրոնացվածությունն ունեցող շուկաներից են: Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի (այսուհետ՝Հանձնաժողով) ուսումնասիրության[5] տվյալներով, շաքարավազի, ձեթի, կարագի, բրնձի, ցորենի շուկաներում գերիշխող կամ մոնոպոլ դիրք ունի միևնույն սուբյեկտը: Ուսումնասիրված պարենային և ոչ պարենային 12 ապրանքային շուկաներից 11-ում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, նրանցից 4-ում կա բարձր կենտրոնացվածություն[6]՝74-99 տոկոս: Շաքարավազի շուկայում, օրինակ, գերիշխող դիրքով սուբյեկտի մասնաբաժինը 99 տոկոսից ավելին է: Դեղորայքի շրջանառության ուսումնասիրված 22 շուկաներից 8-ը բարձր կենտրոնացվածություն ունեն: Ցածր կենտրոնացվածությամբ շուկաներ՝ 20-ից ավելի սուբյեկտներով, հազվադեպ են պատահում: Ընդ որում, կենտրոնացվածությունը շուկաներում արագ աճում է, շուկաներում գործող սուբյեկտների թվի նվազմանը զուգահեռ՝ 2009-11թթ. 38 տոկոսով, ինչը բավական լուրջ թիվ է և ցույց է տալիս տնտեսական ազատության և մրցակցության սահմանափակման պատկերը:
  Ի՞նչպես է Հանձնաժողովը պայքարում տնտեսական մենաշնորհների դեմ և ի՞նչպիսի օրենսդրական երաշխիքներ կան դրա համար: Հանձնաժողովը հակամրցակացային գործողությունների հայտնաբերման դեպքում դրամական տույժեր է գանձում օրինախախտ տնտեսվարողներից: Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք) գերիշխող դիրքի չարաշահման համար նախատեսում է 5-200մլն. դրամի տուգանք, գների չհիմնավորված բարձրացման համար՝ տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթի գանձում(Հդվ. 36.3): Հանձնաժողովի 2011թ. ծրագրում գրված է, որ <<տուգանքների չափերը չեն համապատասխանում իրավախախտումների բնույթին>>(էջ 21), ինչը առիթ է տալիս օրինախախտներին մուծել տուգանքը և շարունակել ապօրինի գործողությունները. հատկապես գնային մեքենայություններից ստացվող շահույթն այնքան մեծ է, որը դրա համեմատ տուգանքը գործին չխանգարող հարկատեսակի նման բան է դառնում, ինչպես, ասենք, ոստիկանին մուծվող տուգանքի կամ կաշառքի պարագայում: Հանձնաժողովի ծրագրում  նշված է, որ օրենսդրությունը բավարար լիազորություններ չի տալիս հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկություններ հավաքելու, գործարարների ներկայացրած փաստերը ճշգրտելու և մեղադրանքները դատարանում ապացուցելու համար, ինչի հետևանքով արդյունավետ աշխատել չի հաջողվում: Օրինակ, գների չհիմնավորված բարձրացումների ապացուցման համար գնային դիտարկումները դատարանում լիարժեք հիմնավորում չեն համարվում: Օրինախախտները կոծկում են իրականությունը կամ կաշառում դատական համակարգը՝ օգտվելով կառավարական վերնախավերում ունեցած հովանավորություններից: Համակենտրոնացումների իրական բնույթը, կարտելային համաձայնությունները չեն բացահայտվում, քանի որ տնտեսվարողները չեն ներկայացնում անհարժեշտ փաստաթղթերը: Այդ դեպքում, էլ ի՞նչ գների վերահսկողության կամ չարաշահումների կանխման մասին կարող է լինել խոսքը, որը հայտարարվում է ծրագրային դրույթներում: Նման աշխատանքի պայմաններում օրենսդարական փոփոխոթյունները և ծրագերը, ինչպես շատ այլ ոլորտներում, մնում են զուտ ձևական տուրք և միջազգային կառույցներից վարկային գումարներ պոկելու միջոց (Համաշխարհային Բանկի տրամադրած գումարների մի մասն ուղղվում է մրցակցության պաշտպանությանը): Ավելորդ է հիշատակել, որ Օրենսդիրներից շատերն հենց իրենք մոնոպոլիստներն են: Ակնհայտ է, որ միայն Հանձնաժողովը չի կարող շոշափելի աշխատանք կատարել, քանի դեռ տնտեսական մոնոպոլիան միաձուլված է քաղաքական մոնոպոլիայի հետ, որի դեմ պայքարելու միջոցը մակերեսային ռեֆորմներով իրականացնել հնարավոր չէ:
<<Յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում` սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետեւանքով վնաս է կրել, իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմելու դատարան: Սույն իրավունքը վերապահվում է նաեւ շահագրգիռ անձերի տնտեսական շահերը պաշտպանելու իրավասություն ունեցող կազմակերպություններին>>[7]:
ՀՀ Օրենքը Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին, Հդվ. 11.3
Լևոն Գալստյան
  




[1] Տես՝ G. Stigler, Monopoly
[2] Տես՝ նույն տեղում
[3] Տես՝ ՀՀ Օրենքը Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին, Հդվ. 8
[4] Տես՝ Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2011թ. հունվար-սեպտեմբերին, ՀՀԱՎԾ
[5] Տես՝ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի 2011թ. տարեկան գործունեության ծրագիր
[6] Ապրանքի շուկան համարվում է բարձր կենտրոնացված, եթե նույն շուկայում գործող երեք սուբյեկտները միասին գրավում են շուկայի 70 տոկոսից ավելին:
[7] <<Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին…,խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններից ու սպառողների միջև բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները>>: ՀՀ Օրենքը Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին, Հդվ. 11.1