Поиск по этому блогу

вторник, 6 марта 2012 г.

Գայլն ու գառը


-Այ դու փսլնքոտ,

Ոչխարի լակոտ, Դու ինչի՞ տեր ես,

Որ գաս դնչովդ,

Քթով-պնչովդ ջուրս պղտորես…

-Մի բարկանար, պարոն գայլ,

Քեզնից ցած եմ քանի քայլ…

Աթաբեկ Խնկոյան



 Երբ փոքր էի, <<Գայլն ու գառը>> կարդալիս, շատ էի ազդվում, խղճում էի գառանը և ամեն անգամ պատկերացնում նրա ճակատագիրն ու արտասվելու աստիճան տխրում: Չգիտեմ՝ ինչու է հեղինակը որոշել երեխաներին պատմել այդ առակը և սովորեցնել, որ <<ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր>>, միգուցե նա ցանկացել է, որ երեխաները մանկուց իմանան աշխարհի դրվածքը և որոշեն, թե իրենց համար որն է հոգեհարազատ՝ գառը, թե գայլը: Ես խղճում էի գառանը և իմ երևակայության մեջ մտածում՝ ինչպես կարելի էր փրկել գառանը գայլի երախից, ճիշտ այդպես էլ մտածում էի՝ ինչպես փրկել Թումանյանի հեքիաթի կկվի ձագերին, որոնց ուզում էր ուտել աղվեսը, կամ՝ թե ինչ կլիներ, եթե Անդերսենն իր հեքիաթն այնպես գրեր, որ լուցկիներ վաճառող աղջիկը փողոցում չմահանար ցրտից: Այդ մանկական մտածմունքները խոր հետք են թողել իմ մեջ և, միգուցե, դա է պատճառը, որ ինքս ինձ այնքան էլ չեմ կարող պատկերացնել գայլի դերում. մինչև հիմա, գոնե, ինձ չի հաջողվել գայլ լինել: Բայց նաև վստահ եմ, որ շատ երեխաների հաջողվել է, որովհետև նրանց համար օրինակ են ծառայել ոչ թե Աթաբեկ Խնկոյանի կամ Հովհաննես Թումանյանի գրվածքների դրական հերոսներն այլ՝ գառների դիմակով ծպտված գայլերն, ովքեր թելադրել են, թե որը պետք է լինի նրանց համար հոգեհարազատ, թե ու՞մ վարքականոնն է ճիշտ ու առավելագույնս հարմարեցված իրականության պահանջներին: Նման դաստիարակչի դեր այսօրվա սերնդի համար նախ ստանձնեցին և շարունակում են ստանձնել 1990-ականների սկզբին հետխորհրդային տարածքը հեղեղած արևմտյան ֆիլմերի ռեժիսորներն ու այդ ռեժիսորներին հրահանգավորած արևմտյան մասնագետները, ում նպատակը հենց գայլային արժեքների արմատավորումն էր երեխայի հոգում: Վարպետորեն և անարգել գցված ծիլերը սերմնացաններին  ցանկալի պտուղները տվեցին. երեխաները բակերում սկսեցին ավելի շատ կռիվ-կռիվ խաղալ, մեկը մյուսի թույլ կողմերը փնտրել, նվաստացնել մեկմեկու՝ սեփական <<ես>>-ի կայացման բնազդով, նմանվել տերմինատորներին և այլ կերպարների, ում դաժանությունները ֆիլմերում արադարացվում էին բարություն անելու պատրանքային նպատակներով: Խնկոյանի և Թումանյանի հեքիաթների ուղերձը մնաց միայն նուրբ ճաշակի համար, որին պարտադրվեց գառան դերը: Արևմտյան հետախուզության մասնագետները կարողացան հմտորեն օգտագործել բնազդային մղումներն ու խորհրդային ցենզուրայի բացակայությունից օգտվելով՝ անկախության սերնդի մեջ ակտիվացնել գայլին, նրան ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, իսկ դրա համար միայն ֆիլմերի կերպարները քիչ էին: Իրական կերպարներն հայտնվեցին խորհրդային դաստիարակության սերնդից, ում համար երկաթե վարագույրների վերացումը անսահման ազատությունների և անիշխանության հնարավորություններ էր խոստանում. մարդու մեջ վանդակված գայլն ազատ արձակվեց: Բարոյականությունն այլևս պարտադրված չէր, պարտադրված էր և ցանկալի բացառապես անհատական բարոյականության կերտումը, որն, ինչպես ցույց տվեց պատմությունը, ըստ էության, դարձավ անհատական նյութական բարեկեցության կերտման փիլիսոփայություն: Այլ խոսքով, նոր բարոյականության համար անհրաժեշտ էին իրական գայլեր և գառներ: Սրանով չեմ ուզում ասել, թե գայլային բարոյականությունը խորհրդային տարիներին կենսունակ չէր, պարզապես, այն, գոնե ներքին տնտեսական հարաբերություններում հասարակության կողմից դատապարտվում էր և modus vivendi էր միայն հանցագործների համար, ովքեր հեղինակություն էին միայն նեղ շրջանակներում: Երբ նրանք ստացան գործունեության, հետևաբար նաև՝ քարոզչության լիակատար ազատություն և պարարտ հող յուրացվող նոր՝ կապիտալիստական գաղափարախոսության կողմից,  նրանց սրընթաց վերելքը, շուկայական հարաբերություններում աննախադեպ հաջողությունները օրինակելի դարձան անհատական բարեկեցության ձգտող սերնդի համար: Օրենքը շրջանցելը, անհատական հաջողությունն ապահովելու համար ապօրինի լայն միջոցների տիրապետումը, թալանը, մենաշնորհը դարձան ճարպկության, ուժեղի բարոյականության ինդիկատորներ: Հաջողության հասնելու համար այլևս կարևոր դարձավ ոչ թե ընդհանուրի բարեկեցությանը նպաստելը, ինչպես սովորեցնում էին կոմունիստները, այլև՝ բացառապես միայն սեփական շահի մասին ամենակուլ մտահոգությունը: Սա էին սովորեցնում նաև դասական գրականությանը փոխարինած <<Ինչպե՞ս հարստանալ…>> և նման վերնագրերով գրավիչ գրքերը, որոնք մինչ օրս ամենամեծ սպառումն ունեցող գրքերն են հետխորհրդային տարածքում: Սա խոսում է այն մասին, որ պահանջարկը մեծ է, որ գայլերն առել են գառների հոտը և սևեռուն հայացքով հետևում են, թե ինչպես են  իրենց պոտենցիալ զոհերը <<իրենց համար ջուր խմում առվակից>>: Բայց խնդիրն այն է, որ առվակի ջուրը, որտեղից խմում են գառները, վարակված է. գառները տառապում են գայլախտով և ճանապարհներ են փնտրում գայլերին նմանվելու համար, որպեսզի չհոշոտվեն նրանցից: Գառները սովորում են, որ գայլերի դեմ պայքարելու միակ միջոցը նրանց նմանվելն է: Աստվածաշունչն այլևս հեղինակություն չէ գառների համար, Աստծո մինուճար Գառան՝ Հիսուս Քրիստոսի կերպարը նրանց համար պատրաստի զոհի կերպար է, նրանց համար ըստ էության անհեթեթություն են ավետարանական ուսուցումները կյանքի կոչելը, մերձավորի հանդեպ սերը նրանց համար կյանքից կտրված վերացարկում է, որը ոչ մի կերպ չի տեղավորվում ժամանակակից բարոյականության շրջանակներում: Մինչդեռ Գառն Աստծո թույլ տվեց, որ գայլը խժռի իրեն, բայց այդպես էլ օրինակելի չդարձավ մարդու համար: Ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկին իր գրվածքներից մեկում գրում է, որ եթե Քրիստոս երկրորդ անգամ մարմնապես հայտնվեր երկրի վրա, մարդիկ նրան դարձյալ կխաչեին:

  Ներկայիս հայ հասարակության մեջ գայլերին ու գառներին հստակ կարելի է տարբերել, ընդ որում պոտենցիալ գայլերն ավելի շատ են, որը հուշում է այն մասին, որ գառները գնալով պակասելու են և այդպես էլ է. հազարավոր բախտախնդիրներն, ովքեր բռնել են արտագաղթի ճամփան, արդար տնտեսական հարաբերությունների մասին երազող քաղաքացին, շուկայում ապրանքների օր-օրի բարձրացող գներին ծուռվիզ նայող, արտերկրի բարեկամի ֆինանսական օգնությանը թմրամոլի նման սպասող քաղաքացին, տնակում ցրտից մեռնող աղքատը, որի համար երկնագույն վառելիքի ջերմությունը երկնային երազանք է, ինչպես Անդերսենի լուցկի վաճառող աղջկա համար, բանակում տարեկցի ստորացումներ տանող և ինքնասպանության մասին մտածող զինվորը, մեծահարուստների քմահաճույքին ու բարեհաճությանը սպասող, հանուն ընտանիքի գոյապահպանության կամ գայլերին նմանվելու նկրտումների շողոքորթող, ստորաքարշ պաշտոնյան և, վերջապես, երեխան, որն իր ամբողջ հոգով ու մտքով ցանկանում է մի բան՝ լինել գայլ գառների մեջ…սրանք են գառները: Իսկ ովքե՞ր են գայլերը: Գայլերը նրանք են, ում հաջողվել է գառներ չլինել:

  Հնարավոր չէ՞ պատկերացնել մարդկային հարաբերություններն առանց գիշատչի ու զոհի հարաբերությունների,  հնարավոր չէ՞ երեխային դաստիարակել այնպես, որ իմանա, թե ուրիշի հաշվին սեփական բարեկեցություն ստեղծելը չարիք է, հնարավոր չէ՞ մոնոպոլիստին կամ օլիգարխին ստիպել ենթարկվել օրենքին և հասկացնել, որ թեկուզ հանուն սեփական հարստացման արժե մտածել նաև համընդհանուրի բարեկեցության ստեղծման մասին, հնարավոր չէ՞ կապիտալի կուտակման վրա հիմնված հարաբերություններում առավելագույնս արդար մրցակցային պայմաններ սահմանել: Այս բոլորը հնարավոր կլինի, եթե մեզանից յուրաքանչյուրն իր շահերի մասին մտածելիս արդարացի համարի նաև ուրիշի շահույթ ունենալու իրավունքը: Մարդու մասին Արիստոտելի օգտագործած <<հասարակական կենդանի>> արտահայտությունն այս իմաստով բավական ընդգրկուն իմաստ ունի՝ մարդը չի կարող գոյություն ունենալ առանց հասարակության, իսկ ատելությունը, էգոիզմը մասնատում է հասարակությունը: Կուզենայի բերել մեկ օրինակ ու ավարտել հոդվածս: Մարդկային հարաբերությունների բացատրման տեսակետից ինձ մշտապես հետաքրքրել են տարբեր ժողովուրդների լեգենդները, առակները, որոնց բովանդակությունը թեև պատմականորեն մեծ նշանակություն չունի, բայց այլաբանությունը իրականության եզակի բնորոշումներ է պարունակում և ասելիք ունի մարդկությանը: Գայլի ու գառան հարաբերությունների վրա կառուցված հասարակություններից պատմականորեն ամենախոսունը Հռոմեական կայսրությունն էր, որն առանցքային դեր է խաղացել տնտեսական, սոցիալական ժամանակակից հարաբերությունների ձևավորման վրա, բայց երկրի երեսից վերացավ՝ գոյատևելով մոտ 600 տարի: Ինչու՞ այդպես վաղ: Պատմաբանները դա բացատրում են ստրկատիրական հարաբերությունների, անբարոյական ղեկավարների, դիկտատուրայի  և այլ օբյեկտիվ հանգամանքների համագումարով, որոնց արմատներն, ըստ իս, գալիս են Ռեմուսի և Ռոմուլոսի մասին հայտնի լեգենդից: Այն այլաբանորեն արտացոլում է ոչ միայն 2,5 հազար տարի առաջ էտրուսկյան ու իտալական, այլև Հռոմեական կայսրության  և հետագայում Հռոմի ժառանգությունը յուրացրած, այդ թվում և ներկայիս հասարակությունների մարդկային հարաբերությունները: Իշխանության համար կռիվը Ագբա Լոնգայի թագավորի և նրա եղբոր միջև փոխանցվում է նրանցից մեկի թոռներին՝ երկվորյակներ Ռեմուսին և Ռոմուլոսին, որոնք, ըստ լեգենդի, ծնվել են ռազմի աստված Մարսից և որպես ապօրինի զավակներ նետվել գետը: Եղբայրները փրկվում են և նրանց կերակրում է էգ գայլը[1], իսկ մեկ այլ պատումի համաձայն՝ մի կին, որի անունը լատիներեն <<գայլ>> է նշանակում՝ <<Lupus>>: Եղբայրները հետագայում հայտնի են դառնում հարևան ցեղերից մեկի կանանց առևանգելով, նրանք նաև որոշում են քաղաք հիմնել, բայց վիճում են իրար հետ, Ռոմուլոսը սպանում է եղբորը, իսկ հիմնած քաղաքը կոչում իր անունով: Լեգենդի դաժան բարոյականությունը հետագայում արգելք չհանդիսացավ Ռոմուլոսին գրեթե աստվածացնելու, իսկ նրան կերակրող գայլին պաշտամունքի առարկա դարձնելու համար: Հռումում պահվում է երկու եղբայրներին գայլի կաթն ուտելիս պատկերող բրոնզե մի հին քանդակ, որը մինչ օրս Հռոմի խորհրդանիշերից մեկն է, իսկ 1930-ականներին այն Իտալիայի ֆաշիստների խորհրդանիշն էր:

  Լևոն Գալստյան







[1] Ըստ տեղեկությունների, հնարավոր է՝ գայլը տոտեմական պաշտամունքի առարկա է եղել էտրուսկների մոտ, ովքեր ապրել են Իտալիայում և ազդել հռոմեական մշակույթի վրա: