Поиск по этому блогу

среда, 20 февраля 2013 г.



<<17 նոյեմբերի, օր առաջին:
Երբ ես մոտավորապես 15-րդ շարքում էի, ոստիկանության առաջին գործողությունը սկսվեց: Ոստիկանները մարդկանց միայն հրում էին դեպի հետ, բայց ամբոխի մեջ իրարանցում սկսվեց: Ամեն ոք վազում էր դեպի հետ՝ չիմանալով ինչ անել: Բայց հիստերիան տևեց միայն 10վրկ: Ապա ամբոխը սկսեց բղավել. <<Մի վախեցեք, մի վախեցեք>>, և մենք վերադարձանք մեր դիրքերին: Բայց հետո ոստիկանները սկսեցին հրել մականներով: Առջևի շարքերը սկսեցին գոռալ.<<Նրանք երկաթներ ունեն>>…Ամբոխի միջից մեկը բղավեց.<<Նստեք գետնին, նստեք գետնին>>: Գրեթե բոլորն այդպես վարվեցին: Շատ գրավիչ էր նայել, թե ինչպես էր մոտ երկու հազար մարդ նստած ոստիկանների դեմ հանդիման…
 18. նոյեմբերի, օր երկրորդ:
…Սա մինչ օրս տեղի ունեցած ամենամեծ ցույցն է: Պրահայում մոտ 200000 մարդ է հավաքվել: Բոլոր համալսարաններում և դպրոցներում, թատրոններում գործադուլ եղավ: Բոլորը դուրս էին եկել փողոց …Մենք պետք է հաջողություն ունենանք: ՍԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՅԼԵՎՍ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ:
Ծնողներս ինձ չեն հասկանում: Մարդիկ ովքեր չեն եղել այնտեղ, չեն կարող հասկանալ, թե ինչպիսի դժոխք էր դա: Բայց հիմա, հիմա դա սկսել է փլվել, և դա կփլվի մի չլսված աղմուկով: Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի վաղը: Օհ, Տեր, մի թող մեզ>>[1]
 Այս տողերը մի չեխ երիտասարդի օրագրից են, ով մասնակից է եղել 1989թ. նոյեմբերին Պրահայում տեղի ունեցած Թավշյա Հեղափոխության դեպքերին, ականատես եղել մեկ շաբաթից ավելի տևած ցույցերին և գրել իր տպավորությունները: 1989 թվականի հեղափոխությունը <<թավշյա>> անունը ստացավ հեղափոխականների բացառապես խաղաղ գործողությունների համար, թեև նրանց չհաջողվեց խուսափել ոստիկանական ուժերի բռնի գործողություններից: Ցույցերի դուրս եկած ժողովուրդը պայքարում էր կոմունիստական վարչակարգի բռնատիրության ու կառավարման տոտալիտար մեթոդներից ազատվելու համար: Ազատության համար պայքարը Չեխոսլովակիայում սկսվել էր 1960-ականների վերջերից, երբ ժողովրդի պահանջով երկրի կոմունիստ ղեկավարը 1968թ. փորձեց ազատական ռեֆորմներ իրականացնել, բայց խորհրդային իշխանությունը տապալեց դրանք զինված ներխուժումով: Չեխ ժողովուրդը ցույցեր արեց, որոնք հայտնի են <<Պրահյան Գարուն>> անվամբ: Դա տոտալիտար ռեժիմի դեմ առաջին մեծ բողոքն էր սոցիալիստական ճամբարում: Ռեժիմի դեմ պայքարը թաքնված բայց անշրջելի թափ ստացավ 1970-80-ականներին այսպես կոչված դիսսիդենտ կամ այլախոհ մտավորականության գլխավորությամբ: Նրանք հրապարակեցին <<Չարտեր 77>> մանիֆեստը, որով պահանջում էին հարգել մարդու իրավունքները, ժողովրդին տալ խոսքի ազատություն և ապահովել այլ հիմնարար իրավունքների պաշտպանություն: Չարտեր 77-ը նախադեպ դարձավ նաև համանուն այլ մանիֆեստների համար հարևան երկրներում:
 Դիսսիդենտների կամ այլախոհների այդ շարժման գաղափարախոսության ակունքներում չեխ գրողներն ու գիտնականներն էին, նրանցից առավել ազդեցիկը դրամատուրգ, էսսեիստ, մարդու իրավունքների պաշտպանության ջատագով Վացլավ Հավելն էր, ով հեղափոխության առաջնորդներից մեկն էր. 1989թ. դեկտեմբերի 29-ին նա ընտրվեց Չեխոսլովակիայի նախագահ, իսկ 1993թ.՝ անկախ Չեխիայի հանրապետության նախագահ և պաշտոնավարեց մինչև 2003թ., որից հետո շարունակեց զբաղվել գրականությամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ Կուբայում, Բելառուսում, Բիրմայում և այլուր: Հավելը մահացավ 2011թ դեկտեմբերին: Վացլավ Հավելի էսսեներն ու հոդվածները հսկայական ազդեցություն գործեցին մարդկանց հոգեբանության ու վարքագծի վրա ոչ միայն նախկին Չեխոսլովակիայում, այլև սեփական իրավունքների համար պայքարող այլ ժողովուրդների մոտ: Այս իմաստով, Հավելի գաղափարները արդիական ու հասցեական են նաև այսօր, հատկապես հետխորհրդային տարածքում ապրող իրավազուրկ, բևեռացված սոցիալական հարաբերությունների պայմաններում ապրող քաղաքացու համար, անկախ ազգությունից:
  Կուզենայի առավել մանրամասն անդրադառնալ Հավելի էսսեներից մեկին, որ կոչվում է <<Իշխանազուրկների իշխանությունը>> /անգլերեն թրգմբ՝ The Power of the Powerless[2]/: 1978թ. գրված այդ էսսեի մասին այդ տարիներին ձևավորված Սոլիդարություն շարժման ակտիվիստներից մեկը խոստովանել է հետևյալը. <<Հավելի էսսեի ընթերցումը տեսական հիմքեր տվեց մեր գործունեության համար, այն պահեց մեր ոգին, մենք չհանձնվեցինք և մեկ տարի անց…պարզ դարձավ, որ կուսակցության ապարատը և գործարանի ղեկավարությունը վախենում էին մեզանից: Մենք արժեք ունեինք: Շարքային անդամները մեզ նայում էին որպես շարժման ղեկավարների: Երբ նայում եմ Սոլիդարության հաղթանակներին, ես դրանցում տեսնում եմ Հավելի էսսեում պարունակվող գիտության և մարգարեության զարմանալի իրականացումը>>:
  Հավելն իր բավական ծավալուն էսսեի սկզբում վերլուծում է կոմունիստական կուսակցության միահեծան վերահսկողության տակ ապրող հասարակության իրական բնույթը և մարդկանց վարքագծի պատճառները, իսկ երկրորդ մասում խոսում է ստեղծված վիճակը հաղթահարելու ճանապարհի մասին: Ինչու՞մն է էսսեի արդիականությունը մեզ՝ հայերիս համար: Հայաստանը, թեև 20 տարի առաջ է ազատվել կոմունիստական և սոցիալիստական անվանումից, բայց միակուսակցական կառավարման համակարգն, իրականում, շարունակվում է և ավելի քան կենսունակ է, կյանքի գրեթե բոլոր ոլորտները իշխանական ռեժիմի կամ հարուստ վերնախավի խիստ վերահսկողության տակ են, քաղաքացին, թեև ձևականորեն ունի օրենքի սահմաններում գործելու և մտածելու անսահմանափակ ազատություն, բայց, իրականում, նման է վանդակի մեջ այս ու այն կողմ վազվզող, բնական միջավայրից զրկված մի կենդանու: Նման վիճակը Հավելն անվանում է ավտոմատացում, որը բնորոշում էր ոչ միայն խորհրդային, այլև դեմոկրատական կոչվող շատ հասարակությունների: 1970-ականների չեխոսլովակյան հասարակության կառավարման ձևը Հավելը պայմանականորեն անվանում է <<հետտոտալիտար համակարգ>>, քանի որ, ըստ նրա, այն տարբերվում է տոտալիտարիզմից, նրանով, որ ի տարբերություն ստալինյան ժամանակշրջանի, ամբողջովին մեկուսացված չէ զարգացած երկրների արժեքային ազդեցություններից, որի հետևանքով ստեղծվել է սպառողական  միախառնված տիպի մի հասարակություն՝ միակենտրոն վերահսկողության տակ: <<Հետտոտալիտար>> տերմինով, կարծում եմ կարելի է բնորոշել նաև հետխորհրդային հասարակությունների կառավարման ձևը և դրա հիման վրա կառուցված արժեքային համակարգը: Հավելը այսպես է բնութագրում այդ արժեքների հետ համահունչ ապրող քաղաքացու վարքագիծը. <<Բանջարեղեն վաճառողն իր խանութի պատուհանին, սոխի ու գազարի հետ կախում է <<Աշխատավորներ ամբողջ աշխարհի, միացեք>>: Ինչու՞ է նա անում դա: Նա իրո՞ք խանդավառված է աշխարհի բոլոր աշխատավորներին միավորելու գաղափարով: Արդյո՞ք նրա խանդավառությունն այնքան մեծ է, որ նա անսանձելի մղում է զգում հանրությանը ծանոթացնել իր գաղափարներին…Նա դրել է լոզունգը պատուհանին պարզապես այն պատճառով, որ այդպես է արվել տարիներ շարունակ, որովհետև ամեն ոք այդպես է անում…եթե նա հրաժարվի, խնդիրներ կունենա…ինչ-որ մեկը կարող է նրան նույնիսկ մեղադրի անհավատարմության մեջ: Նա անում է դա, որովհետև այդպես պետք է անի, իր գոյությունը պահելու համար: Սա մեկն է հազարավոր այն բաղկացուցիչներից, որոնք նրան երաշխավորում են խաղաղ կյանք <<հասարակության հետ հարմոնիայի մեջ>>, ինչպես ասում են: Բանջարեղեն վաճառողն ակնհայտորեն անտարբեր է լոզունգի բովանդակության նկատմամբ…Լոզունգը իրականում նշան է և ունի որոշակի ասելիք. <<Ես գիտեմ՝ ինչ պետք է անեմ, ես վարվում եմ այնպես, ինչպես ինձանից ակնկալում են…Ես հնազանդ եմ և իրավունք ունեմ, որ ինձ հանգիստ թողնեն>>: Լոզունգի իրական իմաստը, այսպիսով, արմատավորված է նրա գոյության մեջ: Այն արտահայտում է նրա կենսական հետաքրքրությունները: Բայց որո՞նք են դրանք…Եթե նրան ցուցում տային դնել <<Ես վախեցած եմ և անվերապահորեն հնազանդ>> լոզունգը, նա այլևս այդպես անտարբեր չէր լինի դրա իմաստի հանդեպ, թեև գրվածը կարտւահայտեր ճշմարտությունը: Բանջարեղեն վաճառողը …կամաչեր այդպիսի…հայտարարություն դնել իր դեգրադացման մասին…որովհետև նա ունի արժանապատվության զգացում: Այդ բարդույթը հաղթահարելու համար նրա հավատարմությունը պետք է արտահայտվի մի նշանով, որը…խոսի մի համոզման մասին, որում նա հետաքրքրված չէ…Այդպիսով նշանը օգնում է նրան ինքն իրենից քողարկել սեփական հնազանդության թույլ հիմքերը՝ միաժամանակ քողարկելով սեփական իշխանության թույլ հիմքերը: Լոզունդը դրանք քողարկում է ինչ-որ վեհ բանի ճակտոնի հետևում:  Եվ այդ վեհ բանը գաղափարախոսությունն է>>:  
 Հավելի նկարագրած բանջարեղեն վաճառողի կերպարն, ըստ էության հավաքական կերպար է, որի հետ կարելի է չափազանց շատ նմանություններ գտնել այսօրվա հայ հասարակության մեջ: Այսօր տիրող հասարակական  բարքերի հետ քաղաքացու համակերպումն ու հնազանդությունը, ճիշտ է, այլևս չի արտահայտվում սոցիալիստական լոզունգներով, բայց ինչո՞վ է դրանից իրականում տարբերվում, ասենք, այն երևույթը, երբ դպրոցի տնօրենը, ով չպետք է կապ ունենա քաղաքականության հետ, իր գրասենյակի պատին փակցնում է նախագահի լուսանկարը, իսկ ընտրությունների ժամանակ բոլոր միջոցներով, նույնիսկ շանտաժով, ստիպում է իր դպրոսի հանրույթին քվեարկել իշխող կուսակցության օգտին, ինչո՞վ է տարբերվում Հավելի բանջարեղեն վաճառողից այն կիսասասոված քաղաքացին, ով ինքն իրեն վստահեցնում է, որ իր քվեն մի քանի գրոշով գնած պաշտոնյան կամ մեծահարուստն անպայման կբարելավի իր կյանքը, դրանում փորձում համոզել նաև բարեկամներին տարածում  իրեն կաշառած թեկնածուի նախընտրական լոզունգները, որոնց, ըստ էության չի հավատում, ինչո՞վ է տարբերվում այն քաղաքացին, ում ուշադրությունը բարոյական առանցքային խնդիրներից կարելի է շեղել էժանագին շոուներով, ով ծաղրում է սեփական իրավունքների համար փողոցում հացադուլ անող մյուս քաղաքացիներին, և վերջապես, ինչո՞վ է տարբերվում լոզունգը փակցնելու անհրաժեշտությամբ սեփական անհամարձակությունը արդարացնող խորհրդային քաղաքացուց երկրից արտագաղթող քաղաքացին, ով իր կամ ընտանիքի գլուխը պահելու հրամայականով է արդարացնում արտագաղթելն ու թաքցնում անարդարությունների դեմ ընդվզելու անվճռականությունը, էգոիզմը: Կարծում եմ, Հավելի նկարագրած կերպարն իր հիմնական հոգեբանական գծերով չի փոխվել անցած տասնամյակների ընթացքում, որովհետև հասարակական արժեքներն էլ շարունակում են դոփել հին ասֆալտի վրա, երկրի կառավարման մեխանիզմները նույնն են, թեև փոխվել են օրենքները:
 /մաս երկրորդ/ Իսկ ո՞րն է այսօրվա գաղափարախոսությունը, եթե կա այդպիսին, ինչո՞վ է այն տարբերվում նախկին մարքսիզմ-լենինիզմից: Նախ տեսնենք, թե ինչ էր այդ մասին մտածում Հավելը. <<Գաղափարախոսությունը…մարդկային էակներին առաջարկում է ինքնության, արժանապատվության և բարոյականության մի խաբկանք…որպես վերմարդկային մի բանի երաշխիք, դա մարդկանց ընդունակ է դարձնում խաբել սեփական խիղճը և քողարկել իրենց ճշմարիտ դիրքորոշումը և անփառունակ modus vivendi-ն, և իրենք իրենցից և աշխարհից: Դա շատ պրագմատիկ, բայց միևնույն ժամանակ, հատկապես արժանապատիվ ճանապարհ է օրինականացնելու այն, ինչ վերևում է, ներքևում և երկու կողմերում: Այն ուղղված է մարդուն և Աստծուն: Դա քող է, որի հետևում, մարդիկ կարող են թաքցնել սեփական անկյալ գոյությունը, մանրուքայնությունը և իրենց տվյալ վիճակին հարմարվելը: Դա ներողության ձև է, որ կարող է օգտագործել ամեն ոք, սկսած բանջարեղեն վաճառողից, ով քողարկում է աշխատանքը կորցնելու իր վախը…մինչև բարձրագույն գործադիր պաշտոնյան, ում՝ իշխանության մեջ մնալու շահագրգռությունը կարող է ծածկվել աշխատավորներին ծառայելու մասին արտահայտություններով:Հետևաբար, գաղափարախոսության առաջնային <<հարգելի>> գործառնությունը հետտոտալիտար համակարգի թե սյուներին և թե զոհերին ապահովելն է այն խաբկանքով, որ համակարգը ներդաշնակության մեջ է մարդկային և տիեզերական կարգի հետ>>:
 Հավելի բացատրությունը չի սահմանափակվում միայն կոմունիստական գաղափարախոսությամբ. <<գաղափարախոսությունը>> մարդու կամ մարդկային խմբի աշխարհայացքն է, որը ձևավորում է կենսակերպն ու արժեքները, այն օգնում է մարդուն ապահով զգալ և շարժվել որոշակի սկզբունքների կամ կանոնների առաջնորդությամբ: Սահմանափակ իրավունքների, շահագործման, հարստահարման հետ հարմարվելը կամ արտագաղթելը  ևս գաղափարախոսություն է, թեկուզ բնազդային և կուռ համակարգից զուրկ: Դրանք կարելի է համարել նաև այդքան ծեծված և այդպես էլ չկայացած ազգային գաղափարախոսության ալտերնատիվ, որոնք սակայն արմատապես այլ՝ կործանարար  գործառնություն ունեն և այս իմաստով ոչնչով չեն տարբերվում նախկին մարքսիզմ-լենինիզմից. քաղաքացին, որն ինքն իրեն և իր նմաններին իրենց հատուկ գաղափարախոսությամբ համոզում է, որ ստեղծված վիճակում ինքն ընդհանրապես ոչինչ փոխել չի կարող, որ ինքն հասարակության ստորին աստիճանին է, որ Եվրոպայի փողոցներում անտունի կարգավիճակով շրջելն ավելի լավ է, քան ասենք Հայաստանի փողոցներում օլիգարխների կամայականությունների դեմ խաղաղ երթի դուրս գալը, այդ քաղաքացին ոչնչով չի տարբերվում Հավելի բանջարեղեն վաճառողից: Նախկին խորհրդային ամենակուլ գաղափարախոսության փոխարեն այժմ արմատացած է համընդհանուր հարմարվողականության և սպասումի գաղափարախոսությունը, որը, ինչպես Հավելն է ասում, օրինականացնում է մարդու  ներկա ներքին դիրքորոշումն ու վերաբերմունքը արտաքին աշխարհի հետ: Սա մարդու մեջ ներքին բախում է ստեղծում իրական, չդրսևորված ինքնության և հասարակական պարտադրված դեմքի միջև. սա, ըստ էության, գոյաբանական խնդիր է, որը վերաբերում է կենսական հիմնարար իրավունքներին: Հավելը գրում է. <<Հետտոտալիտար համակարգի և կյանքի նպատակների միջև վիթխարի անդունդ կա. մինչ կյանքն իր էության մեջ ձգտում է դեպի բազմազանություն, անկախ  ինքնակայացում, ինքնակազմակերպվածություն, կարճ ասած դեպի սեփական ազատության իրականացում, հետտոտալիտար համակարգը պահանջում է հարմարվողականություն, միաձևություն և կարգապահություն…Այս համակարգը մարդկանց ծառայում է միայն այն չափով, որը կերաշխավորի մարդկանց ծառայությունը իրեն…Այս պարագայում ինքնապահպահպանման երևույթը ենթակա է մի ավելի բարձր բանի, կույր ավտոմատիզմի նման, որն իր հետևից քաշում է համակարգը: Անկախ այն բանից, թե ինչ  դիրք ունեն անհատները իշխանության մեջ, նրանք համակարգի համար իրենք իրենցով ոչ մի արժեք չունեն, այլ ոււղղակի այդ ավտոմատիզմին ծառայելու… համար են…Համակարգը ձևացնում է, թե իր պահանջմունքները բխում են կյանքի պահանջներից: Այն արտաքին տեսիլքների աշխարհ է, որը փորձում է իրականության տեղ անցնել: Հետոտտալիտար համակարգը մարդկանց առնչվում է բոլոր քայլերում… այդ պատճառով էլ համակարգը մինչև ուղնուծուծը  ներծծված է կեղծավորությամբ և ստով, բյուրոկրատական կառավարությունը կոչվում է ժողովրդական կառավարություն…մարդու ամբողջական դեգրադացիան ներկայացվում է որպես նրա բարձրագույն ազատագրում…մարդկանց տեղեկատվության ազատությունից զրկելը կոչվում է տեղեկատվության մատչելիություն…մշակույթի հալածանքը կոչվում է զարգացում, կայսրական ազդեցության ընդլայնումը ներկայացվում է որպես աջակցություն ճնշվածներին…կեղծված ընտրությունները դառնում են դեմոկրատիայի բարձրագույն ձև…ռազմական միջամտությունը դառնում է եղբայրական օգնություն: Քանի որ ռեժիմը գերի է սեփական ստերին, այն պետք է կեղծի ամեն ինչ…այն կեղծում է անցյալը, ներկան, ապագան, վիճակագրությունը…ձևացնում է, թե հարգում է մարդու իրավունքները…այն ձևացնում է, որ չի ձևացնում ոչինչ: Անհատները կարիք չունեն հավատալ այս բոլոր առեղծվածներին, բայց պետք է վարվեն այնպես, կարծես հավատում են, կամ պետք է առնվազն հանդուժեն դա լռությամբ…Այդպիսով նրանք պետք է ապրեն ստի մեջ: Նրանք կարիք չունեն ընդունել սուտը, բավական է, որ ընդունեն իրենց կյանքը ստով և ստի մեջ: Եվ հենց այդ փաստով էլ անհատները հաստատում են համակարգը, լրացնում են համակարգը, ստեղծում են համակարգը և հենց համակարգն են>>:
 Հետտոտալիտար համակարգի բոլոր երևույթները, որոնց մասին խոսում է Հավելը, հայ իրականության հետ ունեն ակնբախ զուգահեռներ. ուրիշ ի՞նչպես կարելի է անվանել իրեն կեղեքող համակարգի շարունակականությունը հանդուրժող անհատի, կամ զուտ դրամի կուտակմամ հետևից վազող երիատասարդի մտավոր վիճակը, եթե ոչ դեգարադացիան, որը համարվում է ազատության դրսևորում ժամանակակից հասարակության մեջ, ուրիշ ինչպե՞ս կարելի է անվանել այսօրվա հայկական հեռուստատեսություններից մատուցվող տեղեկատվության ու հաղորդումների մեծամասնությունը եթե ոչ մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպիտ խախտում կամ մշակույթի հալածանք: Նույն կերպ տեղին է նաև համեմատել Ռուսաստանի դաշնության հետ ավելի քան կոմպլեմենտար քաղաքականության վարումը որպես հայերի պաշտպանության առանցք ներկայացնելը կայսրության ազդեցության ընդլայնման մասին Հավելի դրույթի հետ: Ռուսաստանը, թերևս, հետոտալիտար համակարգի առավել ցայտուն մոդել է քան Հայաստանը, իսկ Հայաստանում գրեթե ամեն ինչ՝ ղեկավարման ձևից մինչև երիտասարդական սանրվածքի ձևը կարծես վերցված ու ներդրված լինի ռուսական մոդելից: Եվ, գուցե, հեռու չէ այն օրը, երբ ազատականության որևէ դրսևորում կամ սոցիալական բողոք ճնշելու համար հարկ լինի Ռուսաստանի ռազմական միջամտությանը, որն, անշուշտ, կներկայացվի որպես եղբայրական օգնություն:
<<Համակարգը կառուցված է ստերի վրա և հաջողում է քանի դեռ մարդիկ ցանկանում են ապրել ստի մեջ>>, գրում է Հավելը և որպես միակ ելք, տեսնում է հակառակը ցանկանալու մեջ, այսինքն՝ մարդիկ պետք է իրոք կամենամ րապրել ստի մեջ: Սա առաջին հայացքից շատ պարզ ու միգուցե միամիտ է թվում, բայց այն, իմ ընկալմամբ, ենթադրում է հսկայական փոփոխություններ նախևառաջ մարդու ներքինի մեջ, վերադարձ դեպի ազատության մաքուր գաղափարին, դեպի սեփական ինքնության փնտրտուքներին: Հավելի համար ամեն ինչ սկիզբը մարդու պայքարն է ինքն իր հետ. <<Կյանքի նպատակների և համակարգի նպատակների միջև կոնֆլիկտը սոցիալապես տարբերվող երկու խմբերի միջև չէ, և միայն շատ ընդհանրացված հայացքն է թույլ տալիս մեզ հասարակությունը բաժանել իշխողների և իշխվողների միջև…Հետտոտալիտար համակարգում այդ բաժանման գիծը փաստացի անցնում է յուրաքանչյուր անհատի միջով, քանի որ ամեն ոք, իր ձևով, և զոհ է և համակարգին աջակցող…Կյանքի էական նպատակները բնականորեն առկա են յուրաքանչյուր անհատի մեջ: Ամեն ոք ունի մարդկության իրավացի արժանապատվության, բարոյական ամբողջականության, էության ազատ ինքնադրսևորման… փափագ: Բայց միևնույն ժամանակ, ամեն ոք, ավել կամ պակաս չափով, ընդունակ է ապրել ստի մեջ: Ամեն ոք ինչ-որ կերպ տեղի է տալիս ժառանգած մարդկայնության անհարգալից մանրուքայնացմանը և օգտապաշտությանը, ամեն անհատի մեջ որոշ ցանկություն կա միախառնվել անանուն ամբոխին և նրա հետ հարմարավետ լողալ կեղծ կյանքի գետն ի վար: Սա պարզ կոնֆլիկտ չէ, այլ մարտահրավեր մարդկային ինքնությանը>>:
 Ներքին բախման այդ ելքը Հավելը նկրարագրում է դարձյալ վերադառնալով բանջարեղեն վաճառողին. <<Եկեք հիմա պատկերացնենք, որ մի օր մեր բանջարեղեն վաճառողը…դադարում է լոզունգը կախել պատուհանի վրա, դադարում է քավեարկել ընտրություններին, որոնք կեղծ է համարում: Նա սկսում է ասել այն, ինչ իրականում մտածում է…Եվ ինքն իր մեջ ուժ է գտնում համերաշխություն արտահայտել նրանց հետ, ում աջակցել թելադրում է իր խիղճը: Այդ ընդվզման մեջ նա դադարում է ապրել ստի մեջ: Նա խախտում է խաղի կանոնները: Բանջարեղեն վաճառողը վերահայտնագործում է իր ճնշված ինքնությունը և արժանապատվությունը: Նա իր ազատությանը տալիս է որոշակիացված նշանակություն…դա մի փորձ է ապրել ճշմարտության մեջ>>: Թե ինչ կպատահի այդ ժամանակ, կարծում եմ, Հայաստանում ապրողի համար գլխի ընկնելը դժվար չէ. <<Համակարգը կպատժի նրան ընդվզման համար: Դա է պահանջում նրա ինքնապաշտպանության և ավտոմատիզմի տրամաբանությունը: Բանջարեղեն վաճառողը պարզ անհատական վիրավորանք չի արել…այլ՝ անհամեմատելիորն ավելի մեծ մի բան: Խախտելով խաղի կանոնները, նա կազմաքանդել է խաղը, ցույց է տվել, որ դա պարզապես խաղ է…Նա ասել է, որ կայսրը մերկ է, և քանի որ կայսրն իրոք մերկ է, մի ավելի վտանգավոր բան է պատահել…նա կարողություն է տվել յուրաքանչյուրին նայել վարագույրից այն կողմ: Նա ցույց է տվել յուրաքանչյուրին, որ հնարավոր է ապրել ճշմարտության մեջ…Հենց որ այլընտրանքը հայտնվում է, այն սպառնում է խաբկանքների գոյությանը…և բոլորովին կարևոր չէ, թե ինչքան տեղ է զբաղեցնում այդ ալտերնատիվը.դրա իշխանությունը ֆիզիկական հատկությունների մեջ չէ, այլ այն՝ լույսի, որ գցում է …համակարգի անկայուն հիմքերին>>: Հավելն ուզում է ասել, որ երբ անհատն ընտրում է իր խղճի ձայնը և ճշմարիտը, կարևոր չէ՝ նա մենակ է, թե ոչ, կամ պաշտոն ունի, թե ոչ, առանցքայինը աշխարհայացքի փոփության մեջ է, որը անպատճառ տարածվելու է, ինչպես լույսը՝ խավարում:
 Բայց արժե արդյո՞ք գնալ այդպիսի ռիսկի, որո՞նք են այդ քայլի վերջնական հետևանքները: Ո՞րն է ճշմարտության մեջ ապրելու արդյունքը, ի՞նչ իշխանություն ունի այն ու ինչպես է դրսևորում: Ըստ Հավելի. <<Ճշմարտության իշխանությունը քաղաքական կամ սոցիալական խմբերի մեջ չէ, այլ՝ գլխավորապես ամբողջ հասարակությունից, ներառյալ պաշտոնական իշխանությունից քողարկված մի պոտենցիալ ուժի մեջ…բախումը տեղի է ունենում…մարդկային գիտակցության և խղճի միջև>>: Հավելը վստահ է, որ նման պարագայում պաշտոնական իշխանությունը չի կարող այդ ընդվզումը ճնշել սովորական մեթոդներով, որովհետև բախումը դեռևս չի դրսևորվել կոնկրետ խմբերի կամ կառույցների տեսքով: Հենց այստեղ է իշխանազուրկների իշխանությունը, որը հնարավոր չէ ճնշել բռնի ուժով: <<Այս իշխանությունը,-շարունակում է գրողը,-չի մասնակցում իշխանության համար մղվող որևէ անմիջական պայքարում, այն իր ազդեցությունը զգացնել է տալիս ինքն իր մեջ: Բայց ծածուկ տեղաշարժերը, որոնք այն առաջացնում է ինքն իր մեջ, կարող են դրսևորվել…իրական քաղաքական գործողության կամ իրադարձության, սոցիալական շարժման, քաղաքացիական անհանգստության ինքնաբուխ ժայթքման, կամ պարզապես սոցիալական և ինտելոկտուալ միջավայրի վերափոխումների տեսքով, որոնք հնարավոր չէ ճնշել: Եվ քանի որ իրական բոլոր խնդիրները թաքնված են ստի հաստ շերտի տակ, երբեք պարզ չէ, թե երբ կընկնի մարգարեական վերջին ծղոտը: Այդ պատճառով էլ ռեժիմը, որպես կանխող ռեֆլեքս, հալածում է ճշմարտության մեջ ապրելու անգամ ամենահամեստ փորձերը>>: Եթե խորհրդային ռեժիմի պարագայում դա այլախոհ գրողը կամ նկարիչն էր, կամ ընդամենը արվեստի մեկ ստեղծագործությունը, ապա այսօր դա կարող է լինել ճշմարտության մասին թերթում գրված մի հոդված, էլ չասեմ հեռուստատեսային ազատության մասին և իշխանական որևէ կառույցի պատերից ներս ասված ամեն մի ըմբոստ արտահայտություն: Բայց միայն մեկ հոգու համարձակությունը կարող է ձևավորել մի ամբողջ գաղափարախոսություն, և այս մասին կան պատմական բազմաթիվ օրինակներ, Հավելը պարզապես փորձում է արժևորել այն, ինչ մարդն արդեն արել է: Ընդվզման օրինակներ հայ ներկայիս հայ իրականության մեջ էլ կան, և սկսել են երևալ համընդհանուր անտարբերության մթնոլորտում: Ընդվզելը կամ ճշմարտության մեջ ապրելը կարող է լինել իշխանավորներին հավաքական նամակ հղելուց սկսած մինչև որևէ օրնախախտ օլիգարխի պատկանող խանութից դիտավորյալ առևտուր չանելը: Եվ այստեղ էական չէ այն փաստը, որ ընդվզող քաղաքացին գնում է որևէ քաղաքական կուսակցության հետևից, քանի որ ճշմարտության ներքին զգացողությանը հետևելը նրան ապահովագրում է խաբվելու էպիզոդիկ հնարավորություններից. այսինքն, ի վերջո, ընդվզող քաղաքացին հաղթում է ստին, գոնե անհատական մասով:
 Հավելը վստահ է, որ <<Ճշմարտության մեջ ապրելը, որպես մարդկության ընդվզում ընդդեմ ստիպողական դրության, պատասխանատվության սեփական զգացումը նորից տիրապետելու մի փորձ է>>: Ազատ մտածելու համարձակությունը, սեփական իրավունքների համար պայքարն, ըստ այդմ, պատասխանատվության խորը գիտակցություն է, պատասխանատվություն սեփական անձի և հասարակության հանդեպ: Հասարակական ու տնտեսական արմատական փոփոխությունների ակունքները բխում են հասարակ ժողովրդի, մտավորականի, արվեստագետի և ուսանողի պատասխանատվության զգացումից, որը և առաջնորդում է բողոքի գործողությունները: Իրական քաղաքական փոփոխությունների հետևում ոչ թե քաղաքական գործիչներն են այլ քաղաքականությունից դուրս գտնվող մարդիկ, որոնք կապված չեն քաղաքական ավանդակն ինտրիգներով  ու շահապաշտությամբ: <<Մենք գիտենք, որ վերջին հաշվով մեզ համար միևնույնն է՝ կփոխվի թե կբարենորոգվի այն համակարգը, որտեղ մենք ապրում ենք որոշակի գաղափարախոսության առումով: Մենք մտահոգվում ենք այն  մասին, թե արդյո՞ք մենք կարող ենք ապրել արժանապատիվ այդ համակարգում, ադյո՞ք այն ծառայում է մարդկանց, թե մարդիկ են ծառայում դրան>>:
Լևոն Գալստյան





[2] Տես՝ http://www.vaclavhavel.cz

1 комментарий:

  1. Casinos Near Me - The City of Las Vegas - JTM Hub
    A map showing casinos and other gaming facilities located near you, near you, in Las Vegas, Nevada. Use 하남 출장샵 this 안성 출장마사지 simple 광주 출장안마 form to find and locate the 영천 출장안마 nearest 포항 출장안마

    ОтветитьУдалить